Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
04.06.2016,
10:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ աշխատանքային շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ աշխատանքային շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
- Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2–ին ընդունեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Բանաձևն ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից, «դեմ» քվեարկել է մեկ խորհրդարանական, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Քվեարկությունը նախաձեռնվել է իշխող խորհրդարանականների մեծամասնության և «Կանաչների» դիմումի հիման վրա: Հատկանշական է, որ բանաձևն ընդունեց այն օրերին, երբ նշվում է բեռլինյան դատարանի կողմից հայ վրիժառուներից գլխավորի` Սողոմոն Թեհլերյանի արդարացման 95–րդ տարին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գերագույն իշխանությանը բանաձևի ընդունման համար` նշելով, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղերձ է ողջ աշխարհին։ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը դարձավ համաշխարհային տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ–ների գլխավոր նորությունը։ Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` հայտարարելով, որ Գերմանիան և Թուրքիան շատ ընդհանրություններ ունեն։ Բանաձևի ընդունումը մեկնաբանել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա։ Իսկ Թուրքիա ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարեց , որ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թուրքական պատմության հերթական խեղաթյուրում է։ Միաժամանակ, ռուս արևելագետ, տնտեսագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» անկախ գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկու կարծիքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապտակ ստացավ Բունդեսթագից` Հայոց ցեղասպանության ճանաչման տեսքով։
- Նախորդ շաբաթ տեղեկատվություն տարածվեց բարձրաստիճան սպաների ձերբակալման մասին։ Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետներ Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի ձերբակալման մանրամասները քրեական գործերի շրջանակում, որոնք գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում։ Իսկ հետո հայտնի դարձավ, որ բարձրաստիճան սպաների նկատմամբ որպես խափանման միջոցով ընտրվել է կալանավորումը։ Միաժամանակ, նախորդ շաբաթ առանձնակի խոշոր չափի կաշառք վերցնելու ժամանակ ձերբակալվեց Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը։
- ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտնեց, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ապրիլի 29–ին ներքին սպառողի համար գազի գործող սակագնի վերանայման հայտ է ներկայացրել` առաջարկելով այն նվազեցնել 6 տոկոսով։ Միաժամանակ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել է այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է երկրում գազի սակագների հետագա նվազում։
- Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրն ակումբի հետ։ Միաժամանակ, հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու պայքարին։
- Երևանի Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով դաժան ծեծի էր ենթարկվել տաքսու վարորդը, ով հիվանդանոցում մահացել էր։ Մեկ օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է տաքսու վարորդին դաժան ծեծի ենթարկած երիտասարդը։ –0–

