Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղերձ է ողջ աշխարհին. ՀՀ նախագահ

02.06.2016, 21:00
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գերագույն իշխանությանը:
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղերձ է ողջ աշխարհին. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գերագույն իշխանությանը, հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը մասնավորապես հեռագրեր է հղել Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։

Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։

Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արդարացման օրը>>

Սարգսյանի համոզմամբ, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

«Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,- ասված է ՀՀ նախագահի խոսքում: -0-