Անձրև, ամպրոպ, կարկուտ․ Սուրենյանը հայտնել է, թե երբ ցիկլոնը կհեռանա Հայաստանի տարածքից
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ ցիկլոնը կհեռանա Հայաստանի տարածքից։
«Այսօրվանից սկսված մինչև հունիսի 27–ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24–ին և 27–ին, հունիսի 25–ին և 26–ին այն իր ազդեցությունը հիմնականում կթողնի Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջանների վրա։ Այսպիսով հունիսի 24–27–ն ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերը և հետկեսօրյա, երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրներ, ժամանակ առ ժամանակ առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ», – նշեց Սուրենյանն այսօր ասուլիսի ժամանակ։
Նա հայտնեց, որ այս ցիկլոնն այսօր հյուսիս–արևմուտքից՝ Սև ծովի շրջաններից իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ։
«Եվ այսօր ցերեկային ժամերին, երեկվա համեմատ, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4–5 աստիճանով և Հայաստանի ամենատաք գոտիներում՝ Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտավայրում և Երևանում չի գերազանցի +30–ը», – նշեց Սուրենյանը։
Նրա խոսքով, հունիսի 28–ից սկսած՝ այս ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները ժամանակավորապես կդադարեն, որոշակիորեն կնահանջեն ցուրտ օդային հոսանքները, և հունիսի 28–30–ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–4 աստիճանով։

