ՌԴ–ում կարևորում են Հայաստանի զարգացման ուղու ընտրության ներկա փուլը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանն այժմ գտնվում է զարգացման իր ուղու ընտրության գործընթացում, դա կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, որովհետև շատ դարերի ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան երկրներ, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հայաստան – ԵԱՏՄ – ԵՄ
Հայաստանի իշխանությունները շարունակում են հռչակել ԵՄ-ի հետ մերձեցման և եվրոպական չափանիշներին անցնելու կուրսը, սակայն մտադիր են պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր կլինի համատեղել երկու ուղղությունները։ Մոսկվան, իր հերթին, զգուշացնում է, որ Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին կունենա ուղղակի տնտեսական հետևանքներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել ինտեգրացիոն տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ, և որ ՀՀ-ն կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառով էներգակիրների գների բարձրացման դեպքում։
Իր հերթին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ գազի մատակարարումներն այժմ ապահովված են, գործընկերների հետ շփումները շարունակվում են, իսկ հնարավոր ռիսկերը կառավարելի են Հայաստանի տնտեսության համար։

