Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը խորհուրդ է տվել ինքնալուծարվել և չվերցնել մանդատները

16.06.2026, 14:40
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը խորհուրդ է տվել ինքնալուծարվել և չվերցնել մանդատները
Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը խորհուրդ է տվել ինքնալուծարվել և չվերցնել մանդատները

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը խորհուրդ է տվել ինքնալուծարվել և չվերցնել մանդատները:

«Մենք ի սկզբանե կարծում ենք, որ այդ ուժերի գրանցումը պետք է չեղյալ համարվեր, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում», - երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուբինյանը:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները չեղյալ համարելուն` Ռուբինյանը հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը լիարժեք լեգիտիմ է և կձևավորի կառավարություն։

Ընտրությունների մասին

Հայաստանի ԿԸՀ-ն կիրակի օրը՝ հունիսի 14-ին, ներկայացրեց հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը (64 պատգամավորական մանդատ), ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը (29 մանդատ), ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը (12 մանդատ)։

Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), հավաքել է ձայների 3,989%-ը՝ չնչին մասով չհաղթահարելով անցողիկ նվազագույն շեմը (4%):

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։

ԲՀԿ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ երեք ընտրատեղամասերից երկուսի քվեարկության արդյունքները։ Ընդ որում, դատարանն արձանագրել է խախտումը և կրկնակի քվեարկություն նշանակելու անհրաժեշտությունը։

Հունիսի 15-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ կրկնակի քվեարկություն չի անցկացվի, քանի որ դա կարող է հանգեցնել ընտրողների իրական կամքի խախտմանը և խաթարել արդար ու հավասար ընտրությունները։