Արման Թաթոյանի կուսակցությունը ընտրության արդյունքներն անվանել է ապօրինի` աջակցելով դրանք չճանաչելու հայտարարությանը

16.06.2026, 10:38
«Միասնության թևեր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրության արդյունքներն անվանել է ապօրինի
Արման Թաթոյանի կուսակցությունը ընտրության արդյունքներն անվանել է ապօրինի` աջակցելով դրանք չճանաչելու հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրության արդյունքներն անվանել է ապօրինի։

«Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի, քանի որ դրանք չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական կամքը։ Միաժամանակ, աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը», - նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է , որ խորհրդարանական ընտրություններն անցել են անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով։

«Ամբողջ քարոզարշավը, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով, սպառնալիքներով և ատելության խոսքով։

Այնուհետև այդ ամենն իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի տարբեր էջերով առավել մեծ տարածում էր ստանում։ Արդյունքում՝ քաղաքացին զրկվեց բովանդակային ծրագրերը համեմատելու, գնահատելու և գիտակցված ընտրություն կատարելու իրական հնարավորությունից։

Այս ընտրությունները աչքի ընկան նաև օտար մայրաքաղաքներից՝ Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և Մոսկվայից ՀՀ ԱԺ ընտրություններին միջամտություններով։

Արդյունքում՝ հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն ավելի խորացրին պառակտումը, հասարակության մեջ տարածեցին անհանդուրժողականություն ու վախ», - նշված է հայտարարության մեջ։

Ընտրությունների մասին

Հայաստանի ԿԸՀ-ն կիրակի օրը՝ հունիսի 14-ին, ներկայացրեց հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը (64 պատգամավորական մանդատ), ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը (29 մանդատ), ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը (12 մանդատ)։

Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), հավաքել է ձայների 3,989%-ը՝ չնչին մասով չհաղթահարելով անցողիկ նվազագույն շեմը (4%):