Հայաստանը կհյուրընկալի «Eagle Partner – 2026» միջազգային զորավարժությունները

16.06.2026, 10:17
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը ՀՀ-ում կանցկացվի  «Արծիվ գործընկեր-2026»  զորավարժությունը
Հայաստանը կհյուրընկալի «Eagle Partner – 2026» միջազգային զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը ՀՀ-ում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» («Eagle Partner – 2026») զորավարժությունը, , հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները», - նշված է հաղորդագրության մեջ:

Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում: