Հայաստանը «Sotheby’s»-ի հետ քննարկել է հայ արվեստագետների աշխատանքների հանրահռչակումը
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը և «Sotheby’s» միջազգային աճուրդի տունը քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներառյալ՝ միջազգային հարթակներում հայ արվեստագետների աշխատանքների հանրահռչակումը։
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը՝ գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանի և «Sotheby’s»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Ալինա Դեյվիի ու Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի տարածաշրջանի աճուրդի տան ղեկավար Էդվարդ Գիբսի հանդիպումից հետո։
Զրուակիցները քննարկել են հայ ժամանակակից արվեստագետների, երիտասարդ ստեղծագործողների և արվեստի նոր ուղղությունների ներկայացուցիչների ներգրավման հեռանկարները միջազգային աճուրդային և ցուցադրական հարթակներում՝ նպաստելով նրանց ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային շուկաներում ներկայացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմամբ։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման նպատակով համագործակցություն է հաստատվել միջազգային հեղինակավոր բուհերի, այդ թվում՝ Լոնդոնի արվեստների համալսարանի հետ:
«Sotheby’s» աճուրդային տան ներկայացուցիչները բարձր են գնահատել մշակութային աճուրդների ոլորտում Հայաստանում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նախադրյալներ են միջազգային համագործակցության զարգացման և տարածաշրջանում մրցունակ արվեստի շուկայի ձևավորման համար։
Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը Լոնդոնում կազմակերպված միջազգային աճուրդից ձեռք է բերել բացառիկ հայկական մշակութային արժեք համարվող 1188 թվականին պատրաստված եկեղեցու քանդակազարդ փայտյա դռան փեղկը, որը տեղափոխվել է Հայաստան։

