Կապանում անձրևից հետո դեղնավուն անձրևաջրերը ողողել են փողոցները․ հարուցվել է վարույթ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով, հայտնում են գերատեսչությունից։
«Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։
ԲԸՏՄ–ից հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

