Տիեզերքի խորքերում՝ 80 տարի. ինչպե՞ս է Բյուրականի աստղադիտարանը փոխել գիտության համաշխարհային քարտեզը (ԲԱՑԱՌԻԿ)

10.06.2026, 15:21
Աշխարհի գիտական քարտեզի վրա Հայաստանի անունը ոսկե տառերով գրած Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը նշում է հիմնադրման հոբելյանական 80-ամյակը։ Այս նշանակալի տարեդարձի առթիվ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը մեկնարկում է հատուկ հոդվածաշար՝ նվիրված հաստատության անցած ուղուն, համաշխարհային գիտության մեջ ունեցած բացառիկ ավանդին և ապագայի հեռանկարներին
Տիեզերքի խորքերում՝ 80 տարի. ինչպե՞ս է   Բյուրականի աստղադիտարանը փոխել գիտության համաշխարհային քարտեզը (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ,10 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Աշխարհի գիտական քարտեզի վրա Հայաստանի անունը ոսկե տառերով գրած Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը նշում է հիմնադրման հոբելյանական 80-ամյակը։ Այս նշանակալի տարեդարձի առթիվ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը մեկնարկում է հատուկ հոդվածաշար՝ նվիրված հաստատության անցած ուղուն, համաշխարհային գիտության մեջ ունեցած բացառիկ ավանդին և ապագայի հեռանկարներին:

Շարքի առաջին նյութում ներկայացնում ենք հարցազրույց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, որը խոսել է հաստատության գիտական ժառանգության, միջազգային հեղինակության, ապագայի ծրագրերի և Վիկտոր Համբարձումյանի թողած բացառիկ հետքի մասին։

Նովոստի-Արմենիա- 80 տարին իմաստնության տարիք է։ Ինչպիսի՞ն են եղել այդ տարիները Բյուրականի աստղադիտարանի համար։

Ա․ Միքայելյան-80 ամյակը իմաստության տարիք է, գուցե, մարդու համար։ Աստղադիտարանի համար դա այդքան էլ մեծ տարիք չէ, առավել ևս շատ փոքր տարիք է Տիեզերքի համար։ Քանի որ մենք Տիեզերքն ենք ուսումնասիրում, 80 տարին ընդամենը մի ակնթարթ է, բայց լինելով թեկուզ չակերտների մեջ ակնթարթ՝ այն շատ մեծ պատմություն, ավանդույթներ և մեծ արժեքներ է տվել Բյուրականի աստղադիտարանին։

Այս տարիների ընթացքում շատ բան է արվել։ Նախ և առաջ հիշենք մեր մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանին, որը փոքրիկ Հայաստանում (այն ժամանակ՝ Խորհրդային Միության մաս կազմող) ստեղծեց աստղադիտարան։ Աշխարհում չկա նման փոքր երկիր, որն ունի լուրջ պրոֆեսիոնալ աստղադիտարան, և Հայաստանը բացառություն է այդ առումով։ Դա արդեն մեծ հպարտություն է և մեծ պատասխանատվություն։

Այսօր գիտության մեջ մրցակցությունը շատ ավելի խիստ է, և միայնակ, առավել ևս՝ փոքր երկրի համար, շատ դժվար է միջազգային մակարդակով շարունակել մրցակցել։ Այն, ինչ Համբարձումյանին հաջողվում էր 50-ական կամ 60-ական թվականներին, այն ժամանակ դեռ հնարավոր էր, որովհետև աշխարհում մրցակցությունը շատ քիչ էր։ Շատ զարգացած եվրոպական պետություններ այն ժամանակ ընդհանրապես չունեին աստղագիտություն։ Հիմա նրանք արդեն շատ առաջ են գնացել՝ հիմնականում ներդրումների շնորհիվ։

Ապագան մեծապես կախված է լինելու մեր ներդրումներից, նաև նրանից, թե ինչպես մեր իշխանությունները կուզենան զարգացնել հաստատությունը։ Որպես թանգարան՝ Բյուրականն իր արժեքն էսպես թե էնպես ունի՝ որպես մեծ գիտության արդյունքներ տված մի հիմնարկ, որի շնորհիվ այստեղ այցելուների ու տուրիստների մեծ հոսք է գալիս։ Մենք ունենք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, աստղադիտակները։ Այն, իհարկե, այցելության վայր է, բայց առաջին հերթին գիտական հետազոտությունների կենտրոն է։ Մենք ունենք շատ լավ միջազգային համագործակցություններ և շարունակում ենք նոր արդյունքներ ստանալ. տարի չկա, նույնիսկ ամիս չկա, որ որևէ լավ գիտական արդյունք մեզ մոտ չարձանագրվի։

Օբյեկտիվության համար պետք է ասել, որ միջազգային բարձր մակարդակի վրա նույն մրցակցային գործելակերպը շարունակելը մի քիչ դժվար կլինի, բայց դրա լուծումն էլ կա՝ մտնել միջազգային խոշոր նախագծերի մեջ։

Նովոստի-Արմենիա- Կնշե՞ք աստղադիտարանի տարեգրության 4 առանցքային փուլերը։

Ա․ Միքայելյան-Աստղադիտարանի պատմության մեջ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական փուլ.

  • Առաջին փուլը ստեղծումն է. Դա շատ սկզբունքային էր, որ այդպիսի որոշում կայացվեց և հիմքերը դրվեցին նման մեծ մասշտաբներով։ Ի դեպ, Խորհրդային Միության մասշտաբներից ելնելով՝ այն կառուցվում էր որպես Միության գլխավոր աստղադիտարաններից մեկը, այլ ոչ թե միայն փոքրիկ Հայաստանի համար։ Դրա համար էլ այն այսքան մեծ է թե՛ տարածքով, թե՛ ենթակառուցվածքներով։
  • Երկրորդ փուլը հայտնագործություններն են. Հենց առաջին տարիներից սկսած եղան մեծ նվաճումներ, և մինչև 50-ականների վերջը Բյուրականը դարձավ համաշխարհային աստղագիտական կարևորագույն կենտրոններից մեկը։
  • Երրորդ փուլը Մարգարյանի շրջահայությունն է. Այն շատ մեծ նշանակություն ունի գիտության համար ընդհանրապես, և այդ շրջահայության արդյունքները (լուսանկարչական թիթեղները) մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական ժառանգության ցանկը։ Սա բացառիկ դեպք է։
  • Չորրորդ փուլը ներկայիս վերածնունդն է. Անկախ Հայաստանի տարիներին՝ 90-ականներին և 2000-ականների սկզբին, շատ դժվար ժամանակներ էին։ Բայց վերջին 20 տարվա ընթացքում բազմաթիվ լավ նորություններ ունենք՝ կապված թե՛ միջազգային հեղինակության, թե՛ ազգային արժեք դառնալու և միջազգային համագործակցությունների հետ։ Սա կարելի է անվանել վերածնունդ կամ նորից վերադարձ դեպի երբեմնի ակտիվ ժամանակները։

Նովոստի-Արմենիա- Ո՞րն է այն գլխավոր հարցը, որին Բյուրականը պատասխան է փնտրում արդեն 8 տասնամյակ։

Ա․ Միքայելյան-Բյուրականի բոլոր աստղագետների գլխավոր աշխատանքները ուղղված են Տիեզերքի անկայուն երևույթների ուսումնասիրությանը։ Թե ինչպես են առաջանում տիեզերական մարմինները, ինչպես են դրսևորվում այդ անկայուն երևույթները, ինչպիսի գործընթացներ են գնում և ինչպես է դա կապված ընդհանրապես ֆիզիկայի մեր պատկերացումների հետ։

Աստղագիտության կարևորագույն դերը կայանում է նրանում, որ օգտագործելով ֆիզիկայի մեր գիտելիքները՝ մենք ուսումնասիրում ենք Տիեզերքը, այնուհետև հետադարձ շատ ուժեղ էֆեկտ ենք ստանում՝ զարգացնելով ֆիզիկան՝ իմանալով նոր բաներ Տիեզերքից։

Նովոստի-Արմենիա- Ի՞նչն է այսօրվա երիտասարդ աստղաֆիզիկոսին կապում 1946թ.-ին այստեղ առաջին քարը դնողի հետ. միայն պատմությո՞ւնը, թե՞ կա մի ընդհանուր «բյուրականյան» երազանք:

Ա․ Միքայելյան-Այստեղ կապը նորից գաղափարական է, մասնավորապես՝ գիտական թեմատիկան։ Համբարձումյանի դրած թեմատիկան՝ տիեզերական անկայուն երևույթների ուսումնասիրությունը, առ այսօր ակտուալ է։ Թեև մենք ունենք նաև նոր, ճկուն ուղղություններ, ինչպիսիք են աստղակենսաբանությունը, աստղաքիմիան, բարձր էներգիաների աստղաֆիզիկան և պատմամշակութային (պատմաաստղագիտություն) աստղագիտությունը, որով ժողովուրդը շատ է հետաքրքրված։

Երիտասարդ սերունդն ունի ուժեղ հիմք՝ կանգնած այդ ակունքների վրա, որովհետև դա հենց բյուրականյան տեսությունն է։ Աշխարհում կա դասական տեսություն և կա Բյուրականյան տեսություն։ Դրանք իրար հակասելով, բայց նաև իրար լրացնելով շարժվում են առաջ։

Նովոստի-Արմենիա- Ո՞րն է դասական և Բյուրականյան տեսության տարբերությունը։

Ա․ Միքայելյան-Դասական տեսության մեջ աստղերը և բոլոր տիեզերական մարմինները առաջանում են գազափոշային նյութից՝ սեղմվելով։ Համբարձումյանը լրիվ հակառակ տեսակետն առաջարկեց, որ էվոլյուցիան տեղի է ունենում պայթյունների, արտահոսքերի, արտավիժումների արդյունքում։ Հետաքրքիր է, որ հիմա, երբ նայում ենք Տիեզերքին, դիտողական առումով մենք միայն տեսնում ենք հենց պայթյուններ ու արտահոսքեր, իսկ սեղմման գործընթացներ ընդհանրապես չենք տեսնում։ Չնայած աշխարհի մեծ մասը հակված է դասական տեսությանը, Համբարձումյանի գաղափարները էապես նպաստեցին, որ աստղային էվոլյուցիայի տեսությունը զարգանա։

Նովոստի-Արմենիա -Ինչո՞ւ են արբանյակների դարաշրջանում մարդկությանը դեռ պետք երկրային աստղադիտարանները։

Ա․ Միքայելյան -Այս ամեն ինչը փոխկապակցված է։ Տիեզերական դարաշրջանում արբանյակները սովորաբար ավելի շատ նայում են Երկրին՝ ուսումնասիրելով քարտեզագրությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունն ու օվկիանոսագիտությունը։ Միայն շատ փոքր մասն է ուղղված հակառակ ուղղությամբ՝ դեպի հեռավոր Տիեզերք (ինչպես «Հաբլ» կամ «Ջեյմս Ուեբ» տիեզերական դիտակները)։ Նրանք ուսումնասիրում են Տիեզերքը լավ պայմաններում, որովհետև մթնոլորտը չի խանգարում, բայց դա չափազանց թանկ է։

Տիեզերական աստղագիտությունը մոտ 50 անգամ ավելի թանկ է, քան նույն չափի աստղադիտակը Երկրի վրա տեղադրելը։ Դրա համար ցամաքային (ground-based) աստղագիտությունը չի մեռնում և չի էլ մեռնի։ Աստղագետների վիճակագրության համաձայն՝ բոլոր դիտողական ծրագրերը միջինում միայն 1/3-ով են իրականացվում, այսինքն՝ աստղադիտակները պարզապես չեն հերիքում։

Մեր 2,6 մետրանոց աստղադիտակը, որն իր տեղադրման ժամանակ խոշորագույններից էր, իսկ այսօր համարվում է միջին դիտակ, դեռևս շատ անելիքներ ունի։ Այն հիմա ներառված է միջազգային համագործակցության մեջ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար։

Նովոստի-Արմենիա -Վիկտոր Համբարձումյանին անվանում էին մարդ, որը մտածում էր տիեզերական չափումներով։ Որքանո՞վ էին նրա գաղափարները առաջ անցել ժամանակից և արդիակա՞ն են արդյոք դրանք այսօր։

Ա․ Միքայելյան -Տիեզերքը նախկինում մի տեսակ անշունչ, անկենդան համակարգ էր թվում, որովհետև գիտնականները դարեր շարունակ կարծում էին, թե այն մի անգամ ստեղծվել է և միլիարդավոր տարիներ այլևս ոչ մի լուրջ փոփոխության չի ենթարկվում (այստեղից էլ՝ «հավերժական», «հավիտենական տիեզերք» արտահայտությունները)։

Համբարձումյանը առաջինն էր, որ ապացուցեց, որ Տիեզերքում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, նոր աստղեր են ծնվում։ Ես միշտ ասում եմ՝ Համբարձումյանը Տիեզերքի բերանում շունչ դրեց։ Նա նաև հասկացավ, որ գալակտիկաների միջուկներում տեղի են ունենում բուռն գործընթացներ՝ պայթյուններ, արտավիժումներ, նյութի արտահոսք, ինչը հետագայում ապացուցվեց։ Սրա շնորհիվ Տիեզերքի ուսումնասիրությունը դրվեց մի նոր մակարդակի վրա՝ որպես անկայուն, փոփոխական և անընդհատ զարգացող համակարգ։

Նովոստի-Արմենիա -Կարելի՞ է ասել, որ Բյուրականը հնարավորություն ունի դառնալու ոչ միայն գիտական կենտրոն, այլև միջազգային ձգողականության կետ՝ վայր, ուր կգան ներշնչանքի հետևից, ինչպես գնում են NASA-ի Քենեդիի տիեզերական կենտրոն կամ CERN:

Ա․ Միքայելյան -Բյուրականը միշտ էլ եղել է միջազգային ձգողականության վայր։ Ժամանակին աշխարհում գրեթե չկար որևէ խոշոր գիտնական, որ չցանկանար գալ Բյուրական և հանդիպել Համբարձումյանի հետ։ Մենք ունենք պատվավոր հյուրերի հուշամատյան, որտեղ տասնյակ լեզուներով գրառումներ կան։

Այստեղ այցելել են Նոբելյան մրցանակակիրներ Միշել Մայորը (շվեյցարացի աստղաֆիզիկոս), Քիփ Սթիվեն Թորնը (ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ), Ֆրենսիս Քրիկը (բրիտանացի կենսաֆիզիկոս), Ֆրիման Դայսոնը (ամերիկացի ֆիզիկոս)։ Հայտնի անձանցից եղել է գրող Պաբլո Ներուդան, Միջազգային աստղագիտական միության նախագահներ Ռոբերտ Ուիլյամսը, Խորխե Սահադեն։ Մեր հայազգի մեծանուն գիտնականներից հաճախ այստեղ են եղել Երվանդ Թերզյանը, ֆրանսահայ նշանավոր աստղագետ՝ Հակոբ Թերզանը, աստղաֆիզիկոս Վահե Պետրոսյանը։

Նովոստի-Արմենիա -Եթե վաղը տիեզերքի խորքերից խորհրդավոր ազդանշան ստացվի, կարո՞ղ է արդյոք հենց Բյուրականը դառնալ Երկրի վրայի այն վայրերից մեկը, որտեղ այն կվերծանեն։

Ա․ Միքայելյան -Իհարկե, հնարավոր է։ Ավանդաբար հայտնագործությունները հաճախ պատահական բնույթ են կրել։ Օրինակ՝ Մագելանի Մեծ Ամպը, որ պայթեց 1987 թվականին, հայտնաբերեց սիրող աստղագետ։ Այնպես որ, չի բացառվում, որ որևէ տիեզերական գաղտնիք կարող է բացահայտվել հենց Բյուրականում։

Մենք մեր ընթացիկ գործունեության մեջ անընդհատ նոր գալակտիկաներ, աստղեր, միգամածություններ ու տիեզերական գոյացություններ ենք հայտնաբերում։ Շատ աստղադիտարաններ կան, որոնք հայտնագործություններ չեն անում. նրանք շեշտը դրել են տեխնիկայի վրա, վերցնում են արդեն պատրաստի հայտնաբերված օբյեկտները և իրենց հզոր ու թանկարժեք սարքավորումներով ուսումնասիրում են ավելի խորը։ Իսկ Բյուրականը միշտ եղել և մնում է հայտնագործությունների վայր։

Նովոստի-Արմենիա - Գիտական լրագրություն և գիտության հանրայնացում. Ինչպե՞ս հաղթահարել խզումը։

Ա․ Միքայելյան -Խիստ գիտական արդյունքը հանրության համար անմատչելի «մութ անտառ» է։ Գիտնականը հաճախ չի կարողանում իր արդյունքը ներկայացնել հանրամատչելի լեզվով, իսկ լրագրողը երբեմն դժվարանում է ճիշտ տերմինաբանություն կիրառել։ Այս խզումը հաղթահարելու համար անհրաժեշտ է գիտնականի և լրագրողի համագործակցություն։ Բյուրականի աստղադիտարանը եղել է Հայաստանում գիտական լրագրության զարգացման նախաձեռնողներից մեկը։

Այսօր իրավիճակը փոխվել է, տասնյակ լրատվամիջոցներ հետաքրքրված են գիտությամբ, մինչդեռ 90-ականներին կամ 2000-ականների սկզբին դրա կարևորությունը երկրում դեռ չէր ընկալվում։ Գիտությունը ներխուժել է գրեթե բոլոր ոլորտները՝ գիտաֆանտաստիկ վեպեր, ֆիլմեր, նույնիսկ մուլտֆիլմեր, և պետք է այսպիսի ձևերով հասնի հասարակությանը։

Նովոստի-Արմենիա -Եթե խոսենք ոչ թե հոբելյանական ամսաթվի, այլ ապագայի ռազմավարության մասին. ո՞ր երեք քայլն են անհրաժեշտ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանին առաջիկա 10 տարում գիտական մրցունակությունը ուժեղացնելու համար։

Ա․ Միքայելյան -Առաջինը՝ միացում միջազգային խոշոր նախագծերին. Առանց սրա հնարավոր չէ ջրի երեսին մնալ և մրցակցել։ Այսօր նույնիսկ ԱՄՆ-ում խոշոր նախագծերում միավորվում են շուրջ 20 համալսարան, որում ներառված են 1500 աստղագետ, իսկ նրանց ֆինանսավորումը հասնում է 4 միլիարդ դոլարի, ինչը համեմատելի է մեր ողջ պետական բյուջեի հետ։ Փոքր նախագծերն այլևս մրցունակ չեն։

Երկրորդը՝ երիտասարդ կադրերի պատրաստում. Երիտասարդ կադրեր կան, բայց դեռ քիչ են և թույլ են։ Ամեն տարին կարող է օրհասական լինել. եթե ավագ սերունդը հեռանա կամ ակտիվությունը պակասի, եղած ուժեղ դպրոցը կարող է չհասցնել երիտասարդներին կրթել։ Սա առաջիկա տարիների գլխավոր խնդիրն է։

Եվ, ի վերջո, երրորդը՝ տեխնոլոգիական ներդրումներ և սարքավորումներ. Գիտությունն այսօր սերտորեն կապված է թվային տեխնոլոգիաների՝ ռոբոտային աստղադիտակների, թվային ընդունիչների, վիրտուալ աստղագիտության և արհեստական բանականության հետ։ Այստեղ անհրաժեշտ են ֆինանսական և համագործակցային ներդրումներ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ։