Տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել առցանց
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսուհետ տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել ամբողջությամբ առցանց եղանակով, հայտնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։
Նշվում է, որ դիմումն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղմամբ https://portal.e-social.am/services։
«Հարթակում գրանցվելուց հետո քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտ խնամքի ծառայության տեսակը և նշել նախընտրելի կազմակերպությունը։ Ծառայությունները մատուցվում են ցերեկային կենտրոնում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (շուրջօրյա կենտրոնում), համայնքային փոքր տանը կամ տնային պայմաններում»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ թվայնացված համակարգի միջոցով իրականացվում են դիմումների ընդունումը և հերթագրումը, տնայցերի կազմակերպումը, ինչպես նաև ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումն ու ուղեգրումը։

