«Էտ մարդիկ մի երկու ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և Խաչատրյանի քրգործերի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դատաիրավական համակարգում առկա հինգ գործերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։
«Այս գործերը, որ հիմա կապում են քաղաքական պրոցեսների հետ, նոր գործե՞ր են։ Նոր իմացա՞նք, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է կամ միլիոնատեր է, կամ Գագիկ Խաչատրյանը, որ միլիարդատեր է», – ասաց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նրանց առողջական վիճակին։
«Էտ մարդիկ մի երկու ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ։ Էս ի՞նչ տրամաբանություն է։ Մահամերձ են, ընտրությունների ժամանակ ասեին, որ մահամերձ են»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը վրդովվեց այն փաստից, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք անցնում են քրեական գործերով, օգտվում են անմեղության կանխավարկածից, իսկ շարքային քաղաքացիները զրկված են դրանից։
Նա նշեց, որ դատաիրավական համակարգի առաջ շատ լուրջ խնդիր է դրել։
«Տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, գիտե՞ք ինչու, որովհետև մեծ հավանականությամբ այդպիսի դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, ովքեր ամուր սոցիալական թիկունք չունեն», – ասաց Փաշինյանը։
Նա հարցադրում արեց, եթե այդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի այդ երեխաներին, ո՞վ է թիկունք կանգնելու։
«Այս ամպլիտուդը ցույց է տալիս մեր իրականությունը, ես էլ դրա քաղաքական պատասխանատուն եմ, այսինքն դատարանի անկախությունը միայն թալանչու օգտի՞ն է և ընդդեմ բռնաբարված երեխաների՞, ո՞նց կարող է այդպիսի բան լինել», – հարցադրում արեց Փաշինյանը։
Նա նշեց, որ խնդրել է գլխավոր դատախազին անձամբ ուսումնասիրի վերջին 10 տարում անչափահասների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգության վերաբերյալ կարճված գործերը։
«Որովհետև ես գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում, ես գետինն եմ մտնում։ Ընդ որում պատմում եմ բաներ, որոնց մասին ամբողջ գյուղը, բնակավայրերը գիտեն»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ ձգձգված գործերի քաղաքական պատասխանատվությունն ինքն է կրում։
«Քաղաքական պատասխանատվությունն այն է, որ Խաչատրյան Գագիկը, երբ լինի ազատության մեջ, ինքը ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, վազելով՝ կգնա, կնայի իր թոշակը նստել է, թե չի նստել, նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Ասում են, թե ես ով եմ, որ որոշեմ։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ՝ընտրված ժողովրդի կողմից։ Եվ ասում եմ՝ հատիկ-հատիկ պետք է վերադարձնեք»,- նշեց Փաշինյանը։
Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Ըստ իրավապահ մարմինների՝ Քոչարյանի նախագահության տարիներին պետական գույքը շահավետ պայմաններով փոխանցվել է նրա և նրա հետ փոխկապակցված անձանց վերահսկողության տակ, որից հետո քողարկվել է այդ գույքի հանցավոր ծագումը։ Գործով մեղադրանք է առաջադրվել նաև ևս ինը անձի, այդ թվում՝ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանին։ Մինչև կալանքի հարցի քննությունը Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ նշվում էր, որ նրա սիրտը վերջերս է ստենտավորվել։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը։ Քոչարյանի պաշտպանները գործը համարում են քաղաքական հետապնդում։
Գագիկ Խաչատրյանի քրեական գործի մասին
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին, իսկ հաջորդ օրը դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք է կիրառել։ Խաչատրյանի պաշտպանները հայտարարել են, որ նա առողջական ծանր խնդիրներ ունի և չի կարող գտնվել կալանքի տակ։ Դատական նիստերից մեկին նրան տեղափոխել են պատգարակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Պաշտպանական կողմը նաև ՄԻԵԴ է դիմել՝ հրատապ միջոց կիրառելու պահանջով։

