Երեք արբանյակ և գետնային կայանների ցանց․ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տիեզերական պլանները

10.09.2026, 17:26
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ և ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց
Երեք արբանյակ և գետնային կայանների ցանց․ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տիեզերական պլանները

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ և ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց , հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար` միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար», - ասաց Փաշինյանը Փարիզում անցկացվող Միջազգային տիեզերական գագաթնաժողովի շրջանակում «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կկարողանա սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։

«Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց նաև, որ Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։

Վարչապետը հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։

«Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։ 2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ», - ընդգծեց Փաշինյանը: