Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ առավել առարկայական գործընկերությամբ տիեզերական ոլորտում․ Փաշինյանը՝ Մակրոնին

10.09.2026, 00:34
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը
Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ առավել առարկայական գործընկերությամբ տիեզերական ոլորտում․ Փաշինյանը՝ Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: 

Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: 

Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ: 

Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը: 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:

Հաջորդիվ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից` ի պատիվ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, տրվել է պաշտոնական ընթրիք: