Քաղաքացիության դադարեցում՝ 1,5 մլն դրամ, ստանալը՝ 250 հազ․ դրամ․ ՆԳՆ–ի նոր նախագիծը

09.09.2026, 15:59
ՀՀ քաղաքացիության ստացման և դադարեցման տուրքերը, հնարավոր է, կտրուկ բարձրանան․ ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել
Քաղաքացիության դադարեցում՝ 1,5 մլն դրամ, ստանալը՝ 250 հազ․ դրամ․ ՆԳՆ–ի նոր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջրկվում է 5 անգամ բարձրացնել քաղաքացիություն ստանալու և 10 անգամ՝ քաղաքացիությունը դադարեցնելու համար պետական տուրքերը։

Համապատասխան օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft.am հարթակում։

Նախագծով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը նախատեսվում է բարձրացնել ներկայիս 50 հազար դրամից մինչև 250 հազար դրամ։

Բացի այդ, առաջարկվում է քաղաքացիությունը դադարեցնելու համար պետական տուրքը նախատեսվում է 150 հազար դրամից հասցնել 1,5 մլն դրամի։

Փոփոխություններ են առաջարկվում նաև քաղաքացիության ստացման պայմաններում։ Ընդհանուր կարգով դիմողը պետք է վերջին հինգ տարիներին օրինական բնակվի Հայաստանում և այդ ժամանակահատվածում առնվազն 915 օր փաստացի գտնվի երկրում։ Նա պետք է նաև կարողանա հաղորդակցվել հայերենով և ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը։

Նախագծով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու և դրա հետագա վերականգնման միջև սահմանել նվազագույն ժամանակային շեմ `ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հայտերը նախատեսվում է սկզբում ներկայացնել էլեկտրոնային եղանակով, որից հետո անհրաժեշտության դեպքում անձը կկարողանա հերթագրվել և փաստաթղթերը ներկայացնել անձամբ։

Նախագծով նախատեսվում է նաև, որ քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի երդումը ստորագրելու պահից։ Եթե դիմողը մեկ տարվա ընթացքում չստորագրի երդման տեքստը, քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ չի մտնի։ Նախագծով նաև նախատեսվում է, որ երդման արարողությունը պետք է անցկացվի բացառապես Հայաստանի տարածքում։

Փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2028 թվականի հունվարի 1-ից։

Կարդացեք նաև․ ՀՀ–ում նախատեսվում է փոխել քաղաքացիություն ստանալու պայմանները․ ռեզիդենտության ցենզը, հնարավոր է, պարտադիր դառնա նաև ազգությամբ հայերի համար