Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը Դիլիջանում նոր սարքավորումներով կրթական մասնաշենք է բացում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դիլիջանում սեպտեմբերի 5-ին պաշտոնապես բացվել է անցած տարվանից գործող Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մասնաշենքը։
Միջազգային չափանիշներին համապատասխան եռահարկ շենքը ժամանակակից կրթական միջավայր է ստեղծում և նոր հնարավորություններ՝ Հայաստանում հյուրընկալության ոլորտում միջազգային կրթության զարգացման համար։
Apicius Armenia-ն Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հայաստանյան ներկայացուցչությունն է։ Այն հիմնադրվել է 2025 թ-ին Դիլիջանում Green Rock հիմնադրամի կողմից՝ Green Rock-ի աջակցությամբ։ Դպրոցը պատրաստում է մասնագետներ Հայաստանի զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի համար՝ միջազգային կրթական փորձը համադրելով Հայաստանի շուկայի կարիքների հետ։
Դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշել է, որ Apicius Armenia-ի ստեղծումը Դիլիջանի զարգացման ավելի լայն տեսլականի մասն է։
«Երբ մենք սկսեցինք ձևավորել Դիլիջանի զարգացման մեր տեսլականը, գիտեինք, որ դրա ապագան պետք է շատ ավելին լինի, քան շենքերն ու նթակառուցվածքները։ Այն պետք է լինի մարդկանց մասին՝ ստեղծելով միջավայր, որտեղ տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և կառուցել իրենց ապագան։ Հենց այդ պատճառով կրթությունն այդքան կարևոր տեղ ունի մեր տեսլականում։ Apicius Armenia-ն Հայաստան է բերում միջազգային փորձն ու գիտելիքը՝ երիտասարդներին հնարավորություն տալով ձեռք բերել գործնական հմտություններ, բացահայտել իրենց ներուժը և կարիերա կառուցել հյուրընկալության ոլորտում։ Այսօր մենք բացում ենք նոր շենք, բայց առավել կարևոր է՝ բացում ենք նոր էջ»,-ասել է Դանեկինան։

Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է, որ դպրոցը, գործունեությունը սկսելով 2025 թվականի սեպտեմբերին, նոր շենքի բացմամբ ընդլայնում է ուսանողների համար ստեղծված կրթական միջավայրը՝ ապահովելով ժամանակակից պայմաններ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցման համար։
“Green Rock հիմնադրամն իր նախագծերը մշակելիս միշտ հաշվի է առնում ազդեցության երկարատևությունը։ Մենք միաժամանակ մի շարք նախագծեր ենք իրականացնում՝ մշակութային, կրթական և համայնքային, որպեսզի կարողանանք կոմլեքս զարգացում ապահովել Դիլիջան քաղաքում։ Նույն տրամաբանությամբ,Apicius-ը պարզապես դպրոց չէ, այլ ամբողջական համակարգ, որը ուսանողին տալիս է կրթություն, իրական փորձ, և անմիջական կապ տեղի համայնքի ու բնակիչների հետ։ Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ՝ պատրաստ աշխատելու իրական միջավայրում առաջին իսկ օրվանից և աջակցելու Դիլիջանի երկարատև զարգացմանը”։

Կրթություն՝ հիմնված գործնական փորձի վրա
Apicius Armenia-ի կրթական մոդելի հիմքում գործնական ուսուցումն է․ ուսումնական գործընթացի 80%-ն անցկացվում է հյուրընկալության ոլորտի իրական աշխատանքային միջավայրերում՝ ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել մասնագիտական փորձ դեռևս ուսման տարիներին։ Հենց այդ նպատակով դպրոցի կամպուսը ներառում է CEMI (CEMI by Apicius) ուսանողական սրճարանը, որը սպասարկում են բացառապես Apicius-ի ուսանողները՝ ուսումնառության առաջին իսկ օրվանից։ Սրճարանը բաց է Դիլիջանի բոլոր հյուրերի համար։
Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Կախված իրենց կրթական ուղուց՝ ուսանողները կարող են երկրորդ տարին շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել Հայաստանում։ Ուսումնառության ընթացքում նրանք ստանում են միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում, իսկ շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը American University of Florence-ի բակալավրի ծրագրերում։

Առաջին տարվա արդյունքները․Դիլիջանից՝ Ֆլորենցիա
Apicius Armenia-ի առաջին ուսումնական տարվա ավարտից հետո 8 ուսանող արդեն մեկնել է Ֆլորենցիա՝ շարունակելու կրթությունը և ձեռք բերելու միջազգային մասնագիտական փորձ։ Դպրոցի գործունեության երկրորդ ուսումնական տարում Apicius Armenia-ն արդեն միավորում է մի քանի տասնյակ ուսանողների աշխարհի տարբեր երկրներից, որոնք իրենց ապագան կապում են հյուրընկալության ոլորտի հետ։
Կրթաթոշակային ծրագրեր
Դպրոցն առաջարկում է կրթաթոշակային ծրագրեր, որոնք ուսանողների միջև բաշխվում են տարբեր չափանիշներով՝ սկսած մոտիվացիայից մինչև ֆինանսական աջակցության կարիքներ։ Կրթաթոշակային ֆոնդը համալրվում է տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ֆինանսակն նվիրատվությունների շնորհիվ։
Apicius Armenia-ի զարգացմանը զուգահեռ կրթաթոշակային ամենամեծ ֆոնդը ավանդաբար տրամադրվում է Green Rock-ի կողմից, որն ընդլայնում է երիտասարդների համար կրթական հնարավորությունները։ Ամեն տարի Green Rock-ն Apicius Armenia-ի ուսանողներին տրամադրում է 10 ամբողջական կրթաթոշակ։
Apicius Armenia-ի զարգացումը Green Rock-ի և Green Rock հիմնադրամի կողմից Դիլիջան քաղաքի զարգացմանն ուղղված ավելի լայն ռազմավարության մասն է, որի նպատակն է Հայաստանում զարգացնել հյուրընկալության ոլորտի կրթական և մասնագիտական ներուժը, տեղայնացնել միջազգային փորձը և պատրաստել ոլորտի համար որակյալ մասնագետներ։

