Մարզային տրանսպորտը իրավունք չունի Երևանում կանգառից կանգառ մարդ տեղափոխելու. Ավինյան

08.09.2026, 11:20
Ավինյանը նշել է քաղաքի փողոցների ծանրաբեռնվածության պատճառը
Մարզային տրանսպորտը իրավունք չունի Երևանում կանգառից կանգառ մարդ տեղափոխելու. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, մետրոպոլիտենը՝ այն կառույցները, որոնք լիազորված են և պարտավոր են դա իրականացնել»,- ասաց Ավինյանն ավագանու նիստում։

Քաղաքապետի խոսքով՝ մնացած տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ մասնավոր միկրոավտոբուսները, ինչպես նաև մարզային միկրոավտոբուսներն ու ավտոբուսները, Երևանում իրավունք չունեն կանգառից կանգառ ուղևորափոխադրում իրականացնել։

Նա նշեց, որ քաղաքի ծանրաբեռնվածությունը սրվում է նաև մարզային տրանսպորտի պատճառով։

«Մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է՝ նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում։ Դա պետք է ապահովվի։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են», - ասաց Ավինյանը։