Հայտնի հեռուստահաղորդավարուհին մահապատժի է դատապարտվել․ գործով առգրավվել է ավելի քան 750 կգ թմրանյութ (ՖՈՏՈ)

07.09.2026, 12:13
Դատարանում լաց, մահապատժի դատավճիռ և ավելի քան 750 կգ թմրանյութ․ հայտնի հեռուստահաղորդավարուհու գործը լայն արձագանք է ստացել միջազգային մամուլում․ ՖՈՏՈ
Հայտնի հեռուստահաղորդավարուհին մահապատժի է դատապարտվել․ գործով առգրավվել է ավելի քան 750 կգ թմրանյութ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կահիրեի քրեական դատարանը եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Սառա Խալիֆային (Sarah Khalifa) և ևս 11 ամբաստանյալի մահապատժի է դատապարտել սինթետիկ թմրանյութերի արտադրության և շրջանառության գործով։ Այս մասին հայտնում է եգիպտական Ahram Online-ը։

Դատախազության տվյալներով՝ Խալիֆան և ևս 27 անձ մեղադրվել են կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեջ, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրության համար անհրաժեշտ հումքի ներմուծմամբ՝ թմրանյութերի հետագա արտադրության և իրացման նպատակով։ Գործով նրանց նաև մեղադրանքներ են առաջադրվել ապօրինի հրազեն և զինամթերք պահելու համար։ Մեղադրանքը հիմնվել է 20 վկաների ցուցմունքների, ինչպես նաև տեխնիկական և թվային ապացույցների՝ հաղորդագրությունների, լուսանկարների և տեսագրությունների վրա։

Сара Халифа

Քննության տվյալներով՝ հանցավոր խմբի անդամների միջև բաշխված են եղել հումքի ձեռքբերման, թմրանյութերի արտադրության և տարածման գործառույթները։ Թմրանյութերի և դրանց արտադրության համար նախատեսված նյութերի պահպանման համար օգտագործվել են բնակելի տարածքներ։ Իրավապահները գործի շրջանակում առգրավել են ավելի քան 750 կգ թմրանյութ և հումք, ինչպես նաև չարտոնված հրազեն ու զինամթերք։

Գործով ընդհանուր առմամբ անցել է 28 անձ։ Նրանցից 12-ը դատապարտվել են մահապատժի, ինը՝ ցմահ ազատազրկման, իսկ յոթն արդարացվել են։

39-ամյա Սառա Խալիֆան հայտնի է հատկապես անվտանգության և հանցավորության թեմաներին նվիրված «Mission Impossible» («Առաքելությունն անիրագործելի է») հաղորդումը վարելու շնորհիվ, որը հեռարձակվել է եգիպտական մասնավոր Al-Mehwar հեռուստաալիքով։ Նա նաև ղեկավարել է կոսմետիկ վիրաբուժության կլինիկա և միջոցառումների կազմակերպման ընկերություն։ Instagram-ում Խալիֆայի հետևորդների թիվը գերազանցում է երկու միլիոնը, հայտնում է Al Jazeera–ն։

Сара Халифа

Դատավարության ընթացքում Խալիֆան հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ երբևէ նույնիսկ ծխախոտ չի ծխել։ Եգիպտական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստի ժամանակ նա լաց է եղել և դիմել դատարանին՝ խնդրելով լսել իրեն։ Խալիֆան ասել է, որ ծնողներն իրեն լավ են դաստիարակել, նրանք կրոնական մարդիկ են, և իրեն «թմրանյութերի փող պետք չէ»։

Մահապատժի դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը, Եգիպտոսի օրենսդրությամբ նախատեսված կարգով, գործն ուղարկել է երկրի գերագույն մուֆթիին՝ ոչ պարտադիր խորհրդատվական եզրակացություն ստանալու համար։ Դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել։

Խալիֆան ձերբակալվել է 2025 թվականի ապրիլին։ Նույն դատարանը սեպտեմբերի 5-ին մեկ այլ գործով նրան դատապարտել է նաև երեք տարվա ազատազրկման՝ վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան նկարահանելու համար։