Խոշոր ավտովթար՝ Երևանում. «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները

07.09.2026, 12:57
Վթարի հետևանքով ծառի կոտրված ճյուղերը վնասել են մի քանի ավտոմեքենաներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով գազատար խողովակի երկաթե հենասյուները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ծառի կոտրված ճյուղերը վնասել են մի քանի ավտոմեքենաներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։