Բյուրեղավանում 6 մարդ աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմել է բուժօգնության․ բնակիչներին հորդորում են չխմել ծորակի ջուրը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն», - նշված է հաղորդագրության մեջ։
ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ:
«Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել», – նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
ԱՆ–ից նաև հայտնում են, որ այսօր ՀՎԿԱԿ-ի մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իր հերթին Բյուրեղավանի բնակիչներին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։
«Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշում են կենտրոնից՝ կոչ անելով հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
Նշենք, որ սա 2026 թվականին Բյուրեղավանում աղիքային վարակի արդեն երրորդ դեպքն է։ Ապրիլին համայնքում գրանցվել էր 30 դեպք, 11 մարդ հոսպիտալացվել էր. ջրի նմուշներում հայտնաբերվել էին կոլիֆորմ բակտերիաներ, իսկ պացիենտների կենսանյութերում՝ ռոտավիրուս, ադենովիրուս և մի շարք աղիքային ախտածիններ։
Հուլիսին նմանատիպ ախտանիշերով շտապ օգնություն էր դիմել 15 մարդ։ Նրանցից վեցը հոսպիտալացվել էին, իսկ շեղումներ էին հայտնաբերվել ջրի 14 նմուշներից երեքում։

