Արոնյանը ԱՄՆ տեղափոխվելը բացատրել է շախմատի նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքով

06.09.2026, 22:13
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ տեղափոխվելը բացատրել է շախմատի ոլորտի նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքով
Արոնյանը ԱՄՆ տեղափոխվելը բացատրել է շախմատի նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ տեղափոխվելը բացատրել է շախմատի ոլորտի նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքով։ Այդ մասին նա պատմել է ֆրանսիական Europe Échecs պարբերականին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ տեղափոխվելու իր որոշումը կապված է այն բանի հետ, որ հայ շախմատիստներն այլևս չեն պայքարում օլիմպիադաներում առաջին տեղերի համար, Արոնյանը բացասական պատասխան է տվել։

«Ես հեռացա, որովհետև տեսա, որ այն ոլորտին, որին ես նվիրել եմ կյանքս, կառավարությունը պատշաճ ուշադրություն չէր դարձնում»,- ասել է Արոնյանը։

«Եթե ինձ հետ այդպես են վարվում, ապա ինչպե՞ս է նրանց վիճակը, ովքեր ավելի թույլ են: Ես չէի կարող դա հանդուրժել»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ այս իրավիճակն իրեն ստիպել է մտածել ավելի թույլ շախմատիստների դրության մասին։

Արոնյանը նաև հայտարարել է, որ շարունակում է օգնել հայկական շախմատին, թեև, նրա գնահատմամբ, դա անելն ավելի դժվար է դարձել։ Նա նշել է, որ կառավարությունը չեղարկել է բազմաթիվ սուբսիդիաներ, և նախկինում ռեսուրսները զգալիորեն շատ էին։

Գրոսմայստերը հայտնել է նաև, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մի քանի երիտասարդ հայ շախմատիստների։

Լևոն Արոնյանն աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն և ՖԻԴԵ-ի կրկնակի գավաթակիր։ 2021 թվականի փետրվարին նա հայտարարեց Հայաստանը լքելու և շախմատային ֆեդերացիան փոխելու որոշման մասին՝ դա բացատրելով իշխանությունների կողմից շախմատին ոչ բավարար աջակցությամբ և ոլորտում ստեղծված իրավիճակով։

Արոնյանը հայտարարեց, որ COVID-19 համավարակից, պատերազմից և անձնական ողբերգությունից հետո կանգնել է ընտրության առաջ՝ հրաժարվել պրոֆեսիոնալ կարիերայից կամ շարունակել այն այլ երկրում։

Նա նաև պնդում էր, որ 2018 թվականից հետո Հայաստանում շախմատի պետական աջակցության նախկին մակարդակը կրճատվել է, ինչը բացասաբար է անդրադարձել ոլորտի զարգացման վրա։

ԱՄՆ դրոշի ներքո անցնելուց հետո Արոնյանը շարունակեց հաջող ելույթները միջազգային ասպարեզում, 2021 թվականին նա հաղթեց Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարում, ինչպես նաև Tata Steel Chess India-ում Կալկաթայում; 2023 թվականին դարձավ Դյուսելդորֆի WR Chess Masters սուպերմրցաշարի հաղթող; 2024 թվականին հաղթեց American Cup-ում (Ամերիկայի գավաթ) Սենթ Լուիսում; 2025 թվականին հաղթանակներ տարավ Լաս Վեգասի Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարում և Grand Chess Tour-ի շրջանակում անցկացվող Saint Louis Rapid & Blitz-ում: