Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացնում է ՀՀ–ում շոգի և ջրի դեֆիցիտի աճող ռիսկերի մասին

05.09.2026, 17:45
Հայաստանն առերեսվում է աճող կլիմայական ռիսկերի հետ, ներառյալ ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների առավել փոփոխական բնույթը, ծայրահեղ շոգը և հիդրոլոգիական սպառնալիքները: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում
Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացնում է ՀՀ–ում շոգի և ջրի դեֆիցիտի աճող ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն առերեսվում է աճող կլիմայական ռիսկերի հետ, ներառյալ ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների առավել փոփոխական բնույթը, ծայրահեղ շոգը և հիդրոլոգիական սպառնալիքները: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի «Armenia: Climate Policy Diagnostic - July 2026» զեկույցում, որը հրապարակվել է 2026 թվականի սեպտեմբերի 3-ին։

ԱՄՀ-ում նշում են, որ թեև Հայաստանում արտանետումների ծավալը միջազգային չափանիշներով մնում է ցածր, այն ավելանում է, ընդ որում՝ արտանետումները կենտրոնացված են էներգետիկ ոլորտում։

Հիմնադրամը մատնանշում է, որ Հայաստանն ուժեղացրել է իր կլիմայական հավակնությունները Ազգային մակարդակով սահմանված երրորդ նպատակների (NDC 3.0) և ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության միջոցով։

Ադապտացիայի առաջնահերթությունները սահմանված են ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և աղետների ռիսկերի կառավարման ոլորտներում։

Ընդ որում, ԱՄՀ-ն զգուշացնում է, որ առանց արդյունավետ ադապտացիայի կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել զգալի երկարաժամկետ տնտեսական ծախսերի։

Հիմնադրամը նաև նշում է քաղաքականության իրականացման պահպանվող բացերը ջրային ռեսուրսների կառավարման, աղետների նկատմամբ կայունության, էներգետիկ անցման, սոցիալական պաշտպանության, անտառային տնտեսության, կլիմայական ֆինանսավորման և ինստիտուցիոնալ համակարգման ոլորտներում։

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ այս խնդիրների լուծումը պահանջում է կառավարման բարելավում, տվյալների համակարգերի և ֆինանսավորման ռազմավարությունների ամրապնդում, ինչպես նաև մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնում։

ԱՄՀ-ի հունիսյան կանխատեսման համաձայն՝ 2026 թվականին աճը կդանդաղի մինչև 5,3%, 2027 թվականին կկազմի 5,5%, որից հետո միջնաժամկետ հեռանկարում սպասվում է տարեկան մոտ 5% մակարդակում։ 2026 թվականին ՀՆԱ-ի անվանական ծավալը հիմնադրամը գնահատում է 12,3 տրիլիոն դրամ ($31,7 միլիարդ)։