Նոր կարգավորումներ Yandex Go-ի վարորդների համար․ ինչ է փոխվել
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ հանդիպմանը հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված մի շարք աշխատանքներ։
Մասնավորապես, կարգավորվել են գնագոյացման հարցերը, սահմանափակվել է բազային գնից երեք անգամ աճ։ Եռամսակային կտրվածքով այն չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, իսկ 2 անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex հարթակը միջնորդավճար չի գանձում՝ թողնելով ամբողջ գումարը վարորդին և տաքսոպարկին, հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։
Սահմանվել են նաև թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ։ «Ստարտ»-ի համար՝ մեքենայի արտադրության տարեթվից առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար՝ 4 տարի երաշխավորված ժամկետ։
Բացի այդ, մայրաքաղաքի 36 խաչմերուկներում, որտեղ կայանումն արգելվում է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Այն դեպքում, երբ կայանումը 1 րոպեից ավել արգելվում է, սպառողին ցուցադրվում է համապատասխան տեղեկատվություն։
«Բիզնես» կատեգորիայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը, որը կանխում է ուղևորի և վարորդի մոտ տարընկալումների և հետևաբար ցածր գնահատականների առաջացման ռիսկը։ Գաղտնի գնորդով ստուգման ընթացքում դուռը չբացելու հանգամանքը հանվել է գնահատման ցանկից։
Գործարկվել է լոուքոստեր ծառայությունը։ Այս պահին կատարվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։
Յանդեքս պլյուս բաժանորդագրությունն ամբողջովին իրականացվում է ընկերության կողմից։ Վարորդները ստանում են հետվճար երթերի իրականացումից հետո։
Բացի այդ, մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հաբի ձևավորման աշխատանքները՝ ստեղծելով Յանդեքսի հետ ուղիղ աշխատելու հնարավորություն։ Քննարկման փուլում է 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։

