Ընտանեկան բռնությունը Հայաստանում կդիտարկվի որպես առանձին հանցագործություն

04.09.2026, 11:11
Նախագծերի փաթեթի հեղինակներ են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը
Ընտանեկան բռնությունը Հայաստանում կդիտարկվի որպես առանձին հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ուղղված է ընտանեկան բռնության դեմ պայքարին։

Նախագծերի փաթեթի հեղինակներ են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարևոր ուղղությունը վերաբերում է Քրեական օրենսգրքի մակարդակում պաշտպանության ուժեղացմանը`ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչելով՝ որպես ինքնուրույն առանձին երևույթ։ Խստացվում է նաև դրանց համար նախատեսված պատասխանատվությունը։

Ավելին, առաջարկվում է ընտանեկան բռնության բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա։ Այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ և պատշաճ կերպով գնալու է հետագա ընթացքով։ Առաջարկվում է նաև բացառել այդ ընթացքում որևէ հաշտության պրոցես։

Փաթեթը ներառում է նաև զոհերի կրկնակի հարցաքննությունների սահմանափակումներ, և տնային կալանքի արգելք այն դեպքերում, երբ տուժողը և մեղադրյալը բնակվում են համատեղ։

Նախարարը նշեց, որ առաջարկվում է նաև փոխել գործող պրակտիկան․ որպես կանոն, բռնության զոհին ապաստարան տեղափոխելու փոխարեն, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել նրա անվտանգությունը, ընդհանուր միջավայրից պետք է հեռացվի բռնություն գործադրածը։

Նախատեսվում է նաև ոստիկանության ծառայողների համար պարտադիր դարձնել կրծքին ամրացվող տեսախցիկ կրելը, թույլ կտա արձանագրել ապացույցները և միաժամանակ ուժեղացնել ոստիկանների գործողությունների վերահսկողությունը։

Մեկ այլ միջոցառում պետք է պատժին զուգահեռ պարտադիր ռեաբիլիտացիայի ծրագիր անցնելու կանոն նախատեսի բռնարարի համար։ Ըստ Սարգսյանի՝ պատժից զատ պետք է նաև բռնարարի վարքագծային փոփոխության վրա աշխատել բռնության կրկնության կանխարգելման համար։

Առաջարկվում է պաշտպանության ինստիտուտից դուրս բերել նախազգուշացումը, քանի որ դա, ըստ նախարարի, որևէ արդյունավետ միջոց չի հանդիսանում պրակտիկայում, և, որպես կանոն, նախազգուշացումից հետո արդեն կրկնակի բռնության դեպքեր ենք արձանագրում։