Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո տեղի ունեցած թունավորման դեպքի պատճառները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում տեղի ունեցած թունավորման դեպքի առթիվ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է լայնամասշտաբ ստուգումներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:
ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ, վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցում։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրության հավի ֆիլեում հայտնաբերվել են ախտածին սալմոնելաներ, իսկ «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի արտադրության ապխտած իշխանի ֆիլեում արձանագրվել են ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշների անհամապատասխանություններ: Տրվել են նշված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կարգադրագրեր:
Բացի այդ, հյուրանոցի խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց, «Պանո» լոշիկ, հաճարի ալյուր և պարմայի հաց՝ առանց պիտանիության ժամկետի նշման:
Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հետագծելիությունն ապահովելու նպատակով ՍԱՏՄ-ն ստուգումներ և նմուշառումներ է իրականացրել նաև մատակարար ընկերություններում՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում: Արտադրական տարածքներում վերցված նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

