«Սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեին». Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «խայտառակություն» է անվանել ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ բարձրացված աղմուկը:
«Ես հետևում եմ այդ աղմուկին, և այդ աղմուկը ավելին, քան խայտառակություն, դժվար է անվանել: Մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ», - նշեց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից:
«Սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեին: Այդ տեսարանը տեսնելով՝ թող բոլոր կոռուպցիոներները տեսնեն` ներկա և նախկին, որ, ինչպես ես ասել եմ, որևէ մեկը «չպիտի պլստա»», - ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը տեսանյութ էր տարածել, որում ԱԱԾ աշխատակիցները նրան պատգարակով դուրս են բերում հիվանդասենյակից: Այնուհետև մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին տեսանյութ դատական նիստերի դահլիճից, որում երևում է, որ 71-ամյա Խաչատրյանը պառկած է շտապօգնության պատգարակի վրա՝ միացված բժշկական սարքավորումներին: Հրապարակումները լայն արձագանք էին գտել համացանցում:
Պաշտպանությունը նաև հայտնել էր, որ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ և որ, ըստ բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների, նրան անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն:
Խաչատրյանի փաստաբան Արա Ղազարյանը նախօրեին հայտարարել էր ՄԻԵԴ դիմելու մասին՝ խնդրելով հրատապ միջոց կիրառել։
Գագիկ Խաչատրյանի քրեական գործի մասին
2026 թվականի սեպտեմբերի 2-ին դատարանը Գագիկ Խաչատրյանին կալանավորեց երկու ամսով։ Մեկ օր առաջ նրա նկատմամբ նախաձեռնվել էր նոր հանրային քրեական հետապնդում, իսկ նախկինում սկսված քրեական գործը՝ փոփոխվել և լրացվել։
Քննությունը վարվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ փաստերով։ Ըստ մեղադրանքի՝ դրվագներից մեկը վերաբերում է 2008–2010 թվականներին առևտրային ընկերությունների ղեկավարից Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։ Եվս մեկ դրվագ կապված է առանձնապես խոշոր չափերով գումարների ենթադրյալ լվացման հետ։
Գագիկ Խաչատրյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գլխավորել է 2008–2014 թվականներին, իսկ 2014–2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։

