Մենք պետք է գույքագրման ենթարկենք «Հայաստան-Ռուսաստան Հարաբերություններ» հասկացությունը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը գաղափար է առաջացել գույքագրման ենթարկել «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը։
«Աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մասնավորապես՝ գաղափար առաջացավ, որ մենք պետք է ինվենտարիզացիայի՝ գույքագրման ենթարկենք «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը` պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում., - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե հարաբերությունների շրջանակում որ հարցերի շուրջ կողմերն ունեն նույն դիրքորոշումը, որոնցում՝ տարբեր, և որտեղ են կարծիքները միանշանակ դրական, իսկ որտեղ՝ ոչ։
Վարչապետի գնահատմամբ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում աշխատանքային մթնոլորտը դրական էր։
«Իմ ընկալմամբ՝ ոչ ես, ոչ Ռուսաստանի նախագահը նոր բան չենք ասել։ Դրական էր աշխատանքային մթնոլորտը։ Առաջին հերթին այն, որ մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա և կքննարկենք», - նշեց Փաշինյանը։

