Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից. էկոնոմիկայի նախարար

03.09.2026, 11:50
Մենք ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, նշել է Պապոյանը
Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ։ Այս պահի դրությամբ, իմ տպավորությամբ, ինչ-որ ուզել են ռուսական կողմից, տրամադրվել է իրենց», – ասել է Պապոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանը կատարում է ֆիտոսանիտարական պահանջները։

«Մենք ասում ենք՝ ո՞րն է խնդիրը, հարգելի՛ Ռոսսելխոզնադզոր։ Իրենք ասում են, որ ձեր մոտ կան ֆիզիկական անձինք, որոնք ծաղիկ են արտահանում, և այդ ծաղիկները չեն համապատասխանում ստանդարտներին, և կան իրավաբանական անձինք, որոնք ծաղիկ են արտահանում, որոնց ծաղկի որակը համապատասխանում է։ Իմ քաղաքական որոշմամբ և ՍԱՏՄ-ի պետի վարչական որոշման արդյունքում ուղղակի ֆիզիկական անձանց արտահանման հնարավորությունը փակել ենք», - նշել է Պապոյանը։

Նախարարը հայտարարել է, որ ՌԴ գործընկերներն ասում են, որ կա խնդիր ֆիզիկական անձանց մասով։

«Չենք վիճում, վիճելու բան, իհարկե, կա, բայց չենք վիճում, ասում ենք՝ շատ լավ, ասում եք՝ կա, ֆիզանձանց մասով փակված է, հնարավորություն չկա»,– պարզաբանել է Պապոյանը։

Նա նշել է, որ Հայաստանն իր քայլն արդեն արել է, և այժմ «գնդակը ՌԴ գործընկերների դաշտում է»։

«Ենթադրում եմ, որովհետև այդպես ենք պայմանավորվել իմ և ՌԴ գյուղնախարարի վերջին հանդիպման ժամանակ, և նաև Ռուսաստանի փոխվարչապետը ակնարկեց այդ պայմանավորվածության մասին հաջորդիվ իր հարցազրույցներից մեկում, որտեղ նշել էր, որ ստուգիչ մարմինները պետք է գան, և նոր, այսպես ասած, առաքելություն պետք է գա, ստուգումներ իրականացնի ոչ միայն ծաղիկների, այլև բոլոր ուղղություններով», - հայտարարել է նախարարը։

Դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարման վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ոգելից ըմպելիքների որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, կաթնամթերքը։

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։

Կարդացեք նաև․ ՀՀ–ի անդամակցությունը ԵՄ–ին Երևանի գործն է, մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ–ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում․ ՌԴ փոխվարչապետ