Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք անձ տեղափոխվել է ԲԿ, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

03.11.2026, 23:21
ՆԳՆ ՓԾ-ն հայտնել էր, որ այսօր Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք անձ տեղափոխվել է ԲԿ, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր»,-նշել էր ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է։