Ողբերգական վրաերթ՝ Երևանում․ 25–ամյա վարորդը Mazda–ով վրարեթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջ

31.10.2026, 12:14
Գիշերը ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Իսակովի պողոտայում
Ողբերգական վրաերթ՝ Երևանում․ 25–ամյա վարորդը Mazda–ով վրարեթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա առկա է եղել վերգետնյա հետիոտնային անցում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։