Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

30.10.2026, 21:13
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է ՀՀ–ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ազգային դեսպան
Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ազգային դեսպան։

Համագործակցության երկարաձգումը պաշտոնապես հաստատվել է Երևանում COP17-ի Կանաչ գոտում անցկացված «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» միջոցառման ընթացքում, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Միջոցառման շրջանակում Արթուր Ալեքսանյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը ստորագրել են համագործակցության երկարաձգման փաստաթուղթը։

«Եթե ուզում ենք, որ երեխաները մեծանան ուժեղ, առողջ և վստահ, մենք պետք է նրանց ապահովենք ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորությամբ, այլև որակյալ կրթությամբ և մաքուր, անվտանգ միջավայրով», – հայտարարել է Ալեքսանյանը։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև սպորտի, կրթության և շրջակա միջավայրի պահպանության փոխկապակցվածությանը նվիրված քննարկում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլի և Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ։

Անդրեասյանն ընդգծել է բնապահպանական կրթության և դպրոցներում կանաչ տարածքների ստեղծման կարևորությունը։ Նրա խոսքով՝ համապատասխան մոտեցումներն արդեն կիրառվում են Հայաստանում 300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում։

Խալիլն իր հերթին նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպանների դերը երեխաների իրավունքների պաշտպանության և երիտասարդներին ոգեշնչելու գործում։