Հայաստանում ավելի քան 88 հազար հեկտար համայնքային պահպանվող տարածք է ստեղծվել. WWF-Հայաստան

30.10.2026, 19:09
Հայաստանի համայնքային պահպանվող տարածքներում ընձառյուծներ են արձանագրվել
Հայաստանում ավելի քան 88 հազար հեկտար համայնքային պահպանվող տարածք է ստեղծվել. WWF-Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում էկոլոգիական միջանցքների ծրագրի շրջանակում ստեղծված համայնքային պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը գերազանցում է 88 հազար հեկտարը։ Այս մասին հայտնել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող ծրագրի շրջանակում համայնքներն իրենք են ստեղծում պահպանվող տարածքները և մասնակցում դրանց կառավարմանը։

Մանվելյանը Երևանում անցկացվող COP17-ի եզրափակիչ մամուլի ասուլիսում նշել է, որ ծրագիրն արդեն դրական արդյունքներ է ապահովել, այդ թվում՝ վայրի բնության պահպանության տեսանկյունից։

«Վերջերս մենք շատ լավ արդյունքներ ունենք․ մեր համայնքային պահպանվող տարածքներից մեկում տեսախցիկ-թակարդների միջոցով ընձառյուծներ են ֆիքսվել», – ասել է նա։

Համայնքների մասնակցությունը՝ բնության պահպանության կարևոր պայման

WWF-Հայաստանի տնօրենի խոսքով՝ տարածաշրջանային փորձը ցույց է տալիս, որ բնության պահպանությունը չի կարող սահմանափակվել առանձին պահպանվող տարածքներով։

«Մեր տարածաշրջանային փորձը ցույց է տվել, որ բնության պահպանությունը չի կարող հիմնվել միայն առանձին պահպանվող տարածքների վրա։ Կապակցված էկոհամակարգերը, լանդշաֆտների կայուն կառավարումը և տեղական համայնքների գործուն մասնակցությունը կարևոր են իրական առաջընթացի համար», – նշել է Մանվելյանը։

Նա ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունն ու հողերի դեգրադացիան փոխկապակցված խնդիրներ են, հետևաբար դրանց լուծմանն ուղղված ազգային միջոցառումները նույնպես պետք է փոխկապակցված լինեն։

Մանվելյանի խոսքով՝ COP17-ից հետո կարևոր է ապահովել քննարկված նախաձեռնությունների գործնական իրականացումը՝ դրանք ներառելով ազգային ծրագրերում և ներդրումային որոշումներում։

Նա նշել է, որ բնապահպանական նախաձեռնությունների արդյունավետությունը պետք է գնահատվի նաև այն տեսանկյունից, թե ինչպես են դրանք նպաստում լանդշաֆտների կայուն կառավարմանը, գետերի, քաղցրահամ ջրերի և լեռնային էկոհամակարգերի պահպանությանը, ինչպես նաև բնության պահպանության համար պատասխանատու համայնքների աջակցությանը։