Որտեղ և ինչպես է տեղի ունենալու կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը․ ՆԳՆ–ն տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։
Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիներին որակյալ, արագ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելուն, անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքի ձևավորմանը, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նոր համակարգի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սպասարկման գրասենյակներից, իսկ փաստաթղթերի տրամադրման գործընթացը կդառնա ավելի հարմարավետ և թափանցիկ։
Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության բարձրացումը Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության կարևոր ուղղություններից է։

