Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի ԱԱ-ում
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել։
57 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդուհու առաջին մոտեցումը՝ 113 կգ քաշով, անհաջող է ստացվել, ինչից հետո Գրիգորյանը ծանրաձողի քաշն ավելացրել է 1 կգ-ով ու երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսել 114 կգ-ը։
Երրորդ փորձի ժամանակ նա կատարել է 6 կգ-անոց տպավորիչ քայլ՝ վստահորեն բարձրացնելով 120 կգ ծանրաձողը և վարժությունն ավարտելով լավագույն եռյակում։
Պոկում վարժությունում Գրիգորյանին հաջողվել է միայն մեկ մոտեցում։ Նա գլխավերևում պահել է 85 կգ ծանրաձողը, սակայն հաջորդ երկու փորձերի ժամանակ անհաջողություն է կրել՝ չկարողանալով պոկել 90 կգ քաշը։
Երկամարտի արդյունքում մարզուհին գրանցել է 205 կգ (85+120) արդյունք և զբաղեցրել չորրորդ տեղը։

