«Ազիմուտ»–ի օդանավը վերադարձել է Երևան տեխնիկական անսարքության պատճառով․ Քաղավիացիայի կոմիտե

29.10.2026, 16:41
«Ազիմուտ» ավիաընկերության Երևան — Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Երևան
«Ազիմուտ»–ի օդանավը վերադարձել է Երևան տեխնիկական անսարքության պատճառով․ Քաղավիացիայի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Ազիմուտ» ավիաընկերության Երևան — Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան, «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, կրկնակի թռիչքից առաջ օդանավը պետք է անցնի համապատասխան տեխնիկական ստուգում:

Կոմիտեում չեն մեկնաբանել թռիչքից հետո ինքնաթիռի կողմից տագնապի ազդանշան տալու մասին տեղեկությունը, ինչպես նաև չեն հստակեցրել դրա կրկնակի մեկնման ժամը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց տագնապի ազդանշան է տվել:

Ինչպես գրել էր «Абзац» պարբերականը՝ հղում անելով Baza Telegram-ալիքին, օդանավը սկսել է վերադառնալ մեկնման օդանավակայան: MSK1.ru պորտալի տեղեկություններով՝ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը փոխանցել է 7700 վթարային կոդը, որը նշանակում է ընդհանուր վթարային իրավիճակ օդանավում:

Նյութի պատրաստման պահին տագնապի ազդանշան տալու մասին տեղեկատվության պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել: