Արտառոց դեպք՝ Երևանում. 45-ամյա տղամարդը շքամուտքերից հեծանիվներ է գողացել. նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մուտքից գողացել են որդու հեծանիվը, փոխանցում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության, նույն բովանդակությամբ հաղորդում էր ստացվել նաև երկու օր անց․ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրրորդ հարկի շքամուտքից, երկաթյա խողովակին ամրացրած մետաղյա փականը կոտրելու միջոցով, գողացել էին էլեկտրական հեծանիվը՝ տուժողին պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ նշված գողությունները կատարել է ինքը։
Բագրատունյաց փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։


