Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել․ նախարարը մանրամասներ է հայտնել 4 երեխաների առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան - Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար:
Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության», - գրել է Ավանեսյանը Facebook-յան իր էջում:
Նա նշել է, որ նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն բոլորին՝ խնդրելով բացառել երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը։ Վթարի հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, հինգը՝ վիրավորվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ զոհվածներն ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը՝ նրանց 7, 10 և 13 տարեկան երեխաները։ Վերջիններս «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի ԲԿ–ներ։

