Երևանում ավտոբուս է կողաշրջվել, 11 մարդ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոբուսի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

