Ադրբեջանում պահվող 20 հայ գերիներ, հնարավոր է, Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանան

23.10.2026, 12:12
Ֆրանսիայի Նիս քաղաքի քաղաքապետ Էրիկ Սիոտին մտադիր է առաջարկել Արցախի 20 հայ գերիներին շնորհել Նիս քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչում
Ադրբեջանում պահվող 20 հայ գերիներ, հնարավոր է, Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանան

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի Նիս քաղաքի քաղաքապետ Էրիկ Սիոտին մտադիր է առաջարկել Արցախի 20 հայ գերիներին շնորհել Նիս քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչում։

«Ես հանձնառություն եմ ստանձնել առաջարկելու, որ Արցախի 20 հայ գերիները դառնան Նիս քաղաքի պատվավոր քաղաքացիներ», - գրել է Սիոտին X-ի իր էջում։

Նա նշել է, որ այդ քայլը համերաշխության կարևոր դրսևորում է Բաքվում անարդարացիորեն պահվող հայ գերիների նկատմամբ։

«Նիսը մոբիլիզացված կմնա մինչև նրանց ազատ արձակումը», - գրել է քաղաքապետը։

Բաքվում պահվող հայ գերիների մասին

2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին։

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման։ Ցմահ ազատազրկում նրանց նկատմամբ չի կիրառվել տարիքի պատճառով. երկուսն էլ 65-ից բարձր են։

Փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ստույգ թիվն անհայտ է։

Բաքվում հայտարարում են շուրջ 30 պահվող հայերի մասին, մինչդեռ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ նրանց փաստացի թիվը կարող է մոտ 80-ով ավելի լինել։