Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ․ երեք հայ կանանց պատմություն՝ վախից մինչև հույս
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Մեկը պատահաբար նկատեց կրծքի փոփոխությունը, մյուսը վտանգավոր ախտորոշման մասին իմացավ հերթական կանխարգելիչ հետազոտության ժամանակ, երրորդի համար քաղցկեղի դեմ պայքարը համընկավ առաջնեկին սպասելու ամիսների հետ։ Երեք տարբեր պատմություն, բայց մեկ ընդհանուր պայքար կյանքի համար։
Հայաստանում տարեկան շուրջ 1600 կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ։ Այդ թվերի հետևում մարդիկ են՝ իրենց վախերով, ընտանիքներով, դժվար որոշումներով և ապագայի հանդեպ հույսով։
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է։ «Նովոստի–Արմենիա»-ն զրուցել է երեք հայ կանանց հետ, որոնց պատմությունները հիշեցնում են, որ հիվանդության վաղ հայտնաբերումը կարող է փոխել բուժման ընթացքը, իսկ հարազատների աջակցությունը՝ ուժ տալ ամենադժվար պահին։
Մարիետա Ուզ․, 75 տարեկան․ «Թվում էր՝ ամեն ինչ վերջացած է»
2022 թվականի հոկտեմբերը Մարիետայի կյանքում առանձնահատուկ նշանակություն ստացավ։ Հենց կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մասին իրազեկման ամսին նա պատահաբար հայտնաբերեց մի փոփոխություն, որից սկսվեց իր կյանքի ամենադժվար շրջաններից մեկը։
Լողանալու ժամանակ հայտնաբերած փոփոխությունից հետո նա դիմեց հետազոտության։ Սկսվեցին անհանգիստ օրերը, բազմաթիվ ստուգումներն ու ամենադժվար պահը՝ ախտորոշումը։
«Սկզբում շատ էի հուսահատվել, թվում էր՝ ամեն ինչ վերջացած է։ Բայց շուրջ մեկ ամիս հետազոտվելուց և բազմաթիվ տեղեկություններ հավաքելուց հետո հասկացա, որ իմ ախտորոշումը դատավճիռ չէ», – պատմում է նա։
Հաջորդեց բուժման երկար ճանապարհը՝ վիրահատություն, դեղորայքային բուժում և պարբերական հետազոտություններ։ Մարիետան այդ ճանապարհին մենակ չէր։ Նրա դուստրը հետևում էր հետազոտությունների արդյունքներին, ուսումնասիրում բժշկական տեղեկությունները և օգնում կողմնորոշվել բուժման ընթացքում։
«Աղջիկս չէր հանձնվում։ Ծանոթանում էր բոլոր հետազոտությունների տվյալներին, հետևում բժշկի ցուցումներին ու ինձ ուղղություն ցույց տալիս», – հիշում է Մարիետան։
Չորս տարի անց նա շարունակում է պարբերաբար հետազոտվել և դեղորայք ընդունել։ Հետադարձ հայացք նետելով՝ Մարիետան խոստովանում է, որ բժշկի դիմելու հարցում փոքր-ինչ ուշացել էր։
«Հիմա հասկանում եմ, որ մի փոքր ուշացրել էի, բայց կարողացա հաղթել», – ասում է նա։
Մարիետայի պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ կրծքագեղձում նկատված նոր գոյացությունը կամ այլ փոփոխություն չպետք է անտեսել։ Պատճառը պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի՝ առանց հետաձգելու։
Մամոգրաֆիա․ երբ հետազոտությունը կարող է փոխել ամեն ինչ

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ մամոգրաֆիան հնարավորություն է տալիս կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել ավելի վաղ փուլում՝ երբ կինը դեռ գանգատներ չունի։ Իսկ եթե կինը կրծքագեղձում որևէ փոփոխություն է նկատում, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ դրա պատճառը պարզելու համար։
Մասնագետը նշում է, որ տարիքը կրծքագեղձի քաղցկեղի կարևոր ռիսկի գործոններից է, և տարիքի հետ հիվանդանալու հավանականությունը մեծանում է։
Մարինեն ամեն տարի կանխարգելիչ հետազոտություն էր անցնում՝ առողջությանը հետևելու սովորույթի համաձայն։ Սակայն հերթական այցն ավարտվեց մի նախադասությամբ, որը փոխեց նրա կյանքը։
«Դա ամենադժվար արտահայտությունն էր, որ լսեցի հետազոտության ժամանակ՝ «Ձեզ մոտ կասկածվում է կրծքագեղձի քաղցկեղ», – պատմում է նա։
Հետագա հետազոտությունները հաստատեցին հիվանդությունը։ Բուժման ընթացքը, սակայն, հնարավորություն տվեց խուսափել քիմիաթերապիայից։ Մարինեն վիրահատվեց, ապա սկսեց հորմոնալ դեղորայք ընդունել։
«Քանի որ հիվանդությունը հայտնաբերել էի վաղ փուլում, կարողացա անցնել հիվանդության հաղթահարման ամենահեշտ ճանապարհը», – ասում է նա։
Այսօր Մարինեն շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։
Նրա պատմությունը ցույց է տալիս, թե ինչու չպետք է սպասել ախտանշանների ի հայտ գալուն։ Այնուամենայնիվ, բուժման եղանակը յուրաքանչյուր դեպքում անհատական է․ այն կախված է ոչ միայն հիվանդության փուլից, այլև ուռուցքի կենսաբանական առանձնահատկություններից։
Վաղ հայտնաբերման ցուցանիշները բարելավվում են

Հայաստանում վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղի ավելի վաղ հայտնաբերման ուղղությամբ դրական տեղաշարժ է արձանագրվել։
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի ներկայացրած տվյալներով՝ եթե 2018 թվականին դեպքերի շուրջ 40%-ը հայտնաբերվում էր չորրորդ փուլում, ապա 2025–2026 թվականների ցուցանիշը նվազել է մինչև 13%։
Մասնագետների խոսքով՝ դրան նպաստել են իրազեկման աշխատանքը, սքրինինգային ծրագրերը, ախտորոշման հնարավորությունների բարելավումը և բուժման հասանելիության ընդլայնումը։
Արթուր Ավետիսյանը նշում է, որ ախտորոշված դեպքերի թվի աճն ինքնին չի նշանակում, թե հիվանդությունն ավելի տարածված է դարձել․ դրա պատճառներից մեկը կարող է լինել նաև հայտնաբերման արդյունավետության բարձրացումը։
«Կարծես թե մի քիչ հասարակության գիտակցությունը փոխվել է», – ասում է նա։
Բուժման հարցում ևս կարևոր փոփոխություն է տեղի ունեցել։ Այսօր բժիշկները բուժման եղանակն ընտրում են՝ հաշվի առնելով կոնկրետ ուռուցքի առանձնահատկությունները։
«Կարևոր չէ շատ դեղեր օգտագործելը, շատ կարևոր է ավելի թիրախային դեղեր օգտագործելը», – ընդգծում է Ավետիսյանը։
Նարինե Հ․, 30 տարեկան․ «Պետք է պայքարեի նաև որդուս համար»
30-ամյա Նարինեն առաջին անգամ մայրանալու էր պատրաստվում, երբ իմացավ, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի։
Հղիության սպասումը, որը պետք է լցված լիներ ուրախությամբ ու ապագայի ծրագրերով, հանկարծ վերածվեց անորոշության։ Սեփական առողջության համար անհանգստությանը գումարվեց մտահոգությունը դեռ չծնված երեխայի ճակատագրի համար։
«Հիվանդությանս մասին իմացա, երբ կրծքիս տակ կրում էի առաջնեկիս։ Այդ պահին ինքս ինձ ասացի՝ պետք է պայքարեմ ոչ միայն իմ կյանքի, այլև որդուս համար, որը դեռ չէր ծնվել», – պատմում է Նարինեն։

Նրա խոսքով՝ բժիշկները միանգամից չէին կարող պատասխանել բոլոր հարցերին․ շատ բան պարզ էր դառնալու միայն բուժման ընթացքում։ Այդ անորոշության մեջ նրան ուժ էր տալիս մի նպատակ՝ առողջ երեխա ունենալը։
«Պայքարելու ուժ էր տալիս փոքրիկիս առողջ լույս աշխարհ բերելու անհավանական ձգտումը», – հիշում է նա։
Այսօր Նարինեի որդին ծնվել է առողջ։ Մոր համար դա ամենամեծ ուրախությունն ու կարևոր հաղթանակն է։
Սակայն նրա սեփական պայքարը դեռ շարունակվում է։ Նարինեն ծանր դեղորայքային բուժում է ստանում և բուժման պատճառով չի կարող կրծքով կերակրել որդուն։
Նրա պատմությունը միաժամանակ մայրանալու երջանկության և հիվանդության դեմ պայքարի դժվարության մասին է։ Այն նաև հիշեցնում է, որ բուժման ընթացքը կարող է երկար լինել, իսկ վերականգնումը՝ տարբեր յուրաքանչյուր կնոջ համար։
Բուժումն ավելի հասանելի է դառնում
Բժշկական ծառայությունների հասանելիությունը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կարևոր բաղադրիչներից է։
Հայկուհի Գեոկչյանի ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ՝ համապատասխան ծրագրերի պայմաններով։ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթով նախատեսված է նաև ճառագայթային թերապիայի 24 սեանսի փոխհատուցում։
2020 թվականի մարտից Հայաստանում գործում է կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղի որոշ փուլերի դեպքում կիրառվող տրաստուզումաբ դեղամիջոցով անվճար բուժման պետական ծրագիրը։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ ծրագրի մեկնարկից մինչև 2025 թվականը բուժում է ստացել 1 277 պացիենտ, իսկ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 4,1 մլրդ դրամ։ 2026 թվականի համար նախատեսվել է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժումն ապահովելու նպատակով։
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում 2026 թվականից հասանելի են դարձել նաև որոշ ծառայություններ մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց համար։ PET/CT հետազոտության արժեքի 50%-ը փոխհատուցվում է պետության կողմից՝ սահմանված պայմաններով։
Կանխարգելման և վաղ հայտնաբերման համար ևս նոր հնարավորություններ են ստեղծվել։ 45–68 տարեկան կանայք, որոնք չունեն կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ, կարող են «Արմեդ» համակարգով ինքնուրույն գրանցվել և անցնել սքրինինգային մամոգրաֆիա՝ առանց ընտանեկան բժշկի ուղեգրի։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններն ու բուժումը փոխհատուցվում են սահմանված կարգով։
Մարզերում հետազոտությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով նախարարությունը ձեռք է բերել 10 մամոգրաֆիկ սարք։
Երեք պատմություն՝ մեկ ուղերձ

Մարիետան հիվանդության մասին իմացավ պատահաբար նկատած փոփոխությունից հետո։ Մարինեի դեպքում վճռորոշ եղավ հերթական կանխարգելիչ հետազոտությունը։ Նարինեի պայքարը համընկավ մայրանալու սպասման հետ և շարունակվում է մինչ օրս։
Նրանց պատմությունները տարբեր են, ինչպես տարբեր են հիվանդության ընթացքն ու բուժման արդյունքները։ Բայց երեքն էլ հիշեցնում են՝ կարևոր է չանտեսել մարմնի փոփոխությունները, ժամանակին դիմել բժշկի և օգտվել հասանելի հետազոտություններից։
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հեշտ չէ ընդունել։ Սակայն այն ինքնաբերաբար չի նշանակում կյանքի ավարտ կամ հույսի կորուստ։ Վաղ հայտնաբերումը, անհատականացված բուժումն ու հարազատների աջակցությունը կարող են վճռորոշ դեր ունենալ այդ ճանապարհին։
Եվ երբեմն հաղթանակը ոչ թե բուժման ավարտն է, այլ այն փոքր ու մեծ ձեռքբերումները, որոնք մարդուն ուժ են տալիս շարունակելու ապրել։

