Ընտանեկան բռնության համար առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժներ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում առաջարկվում է խստացնել ընտանեկան և կենցաղային բռնության համար նախատեսված պատիժները և բարձրացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը։
Համապատասխան օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։
Նախագծերի փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննությունը։
Ընտանեկան բռնության համար ավելի խիստ պատիժներ
ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է ընտանիքում և կենցաղային հարաբերություններում կատարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նախատեսել առանձին գլուխներով՝ դրանց համար սահմանելով ներկայում գործող պատիժներից ավելի խիստ պատիժներ։
Առաջարկվում է ընդլայնել ընտանիքի անդամի կողմից ֆիզիկական ներգործության հանցակազմը՝ ներառելով որոշակի ժամանակահատվածում պարբերաբար բռնություն կիրառելը։
Հոգեկան ներգործության հանցակազմը նույնպես առաջարկվում է ընդլայնել՝ ներառելով գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքները։ Նախագծով նախատեսվում է քրեական օրենսգրքում հստակ սահմանել նաև սոցիալական մեկուսացման և վերահսկման հասկացությունները, ինչպես նաև ընտանեկան բռնության հասկացությունը։
Առաջարկվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում բացառել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։
Տուժողների պաշտպանության նոր մեխանիզմներ
Նախագծով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ։
«Այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է պարզապես բռնություն գործադրած անձի նախազգուշացումը ոստիկանության ծառայողի կողմից», - նշել է Բաթոյանը։
Դրա փոխարեն առաջարկվում է ներդնել բռնություն գործադրած անձի կանխարգելիչ հաշվառման մեխանիզմ, որպեսզի նա շարունակի մնալ ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Առաջարկվում է նաև սահմանել, որ ոստիկանության ծառայողը դեպքի մասին տեղեկանալուց առավելագույնը 12 ժամվա ընթացքում առերևույթ հանցագործության մասին հաղորդում ներկայացնի քննչական մարմին՝ անկախ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հանգամանքից։
Եթե անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշման գործողության ընթացքում բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվում, առաջարկվում է որոշման գործողությունը պահպանել առավելագույնը երկու ամիս՝ անկախ դրա սկզբնական ժամկետի լրանալուց։
Անհետաձգելի միջամտության որոշում առաջարկվում է թույլատրել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ բռնություն է կիրառվել։
Միաժամանակ հստակեցվում է, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ չմտնելը չի բացառում պաշտպանական որոշում ստանալու համար դիմելու հնարավորությունը։
Ապաստանում տեղավորումը նախատեսվում է թույլատրել միայն անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու և այլ միջոցներով անվտանգությունն ապահովել չկարողանալու դեպքում։
Ոստիկանության աշխատակիցները դեպքի վերաբերյալ ահազանգով լիազորություններ իրականացնելիս պարտավոր կլինեն օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող միջոցներ։
Ռեաբիլիտացիոն ծրագրին մասնակցությունը կդառնա պարտադիր
Նախագծերի փաթեթով առաջարկվում է բռնություն գործադրած անձի համար ռեաբիլիտացիոն ծրագրին մասնակցությունը պարտադիր դարձնել բոլոր դեպքերում՝ ոչ միայն պաշտպանական, այլև անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու պարագայում։
Պարտադիր ռեաբիլիտացիոն ծրագրի մասնակցություն է առաջարկվում նախատեսել նաև դատապարտված անձանց համար։
«Պրոբացիայի մասին» օրենքում առաջարկվում է երկու հոդված ավելացնել՝ սահմանելով ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականության կատարման կարգը և այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվությունը։ Քրեակատարողական օրենսգրքում առաջարկվող լրացումները նույնպես վերաբերում են ռեաբիլիտացիոն ծրագրին։
Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ
Փաթեթով առաջարկվում է ընդլայնել ֆիզիկական բռնության սահմանումը՝ ներառելով հաշմանդամություն ունեցող անձին աջակցող միջոցից կամ օժանդակ հարմարանքից զրկելը, այն վնասելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև դրա օգտագործումը սահմանափակելը։
«Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում սա ևս համարենք ֆիզիկական բռնություն», - նշել է Բաթոյանը։
Առաջարկվում է նաև, որ հաշմանդամություն ունեցող անձի միակ խնամողի կամ անձնական օգնականի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու դեպքում ոստիկանության ծառայողը որոշման պատճենն ու արձանագրությունն անհապաղ ուղարկի լիազոր մարմին՝ այդ անձի այլընտրանքային խնամքն ու աջակցությունն ապահովելու նպատակով։
Քրեական վարույթների և տուժողների հարցաքննության կարգը ևս կփոխվի
Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցագործությունների վերաբերյալ քրեական հետապնդումն իրականացվի հանրային կարգով։
Առաջարկվում է նաև սահմանել, որ նման հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մեղադրյալի նկատմամբ տնային կալանք չի կարող կիրառվել, եթե մեղադրյալն ու տուժողը համատեղ են բնակվում, և վարույթի իրականացման ընթացքում հնարավոր չէ ապահովել նրանց առանձին բնակությունը՝ տուժողի մշտական բնակությունն այլ վայրում ապահովելու միջոցով։
Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքի վերաբերյալ վարույթով տուժողը հարցաքննվի միայն մեկ անգամ, եթե առաջին հարցաքննությունից հետո վարույթն իրականացնող մարմնին հայտնի դարձած հանգամանքները պարզաբանելու անհրաժեշտություն չկա։
Զեկուցողի խոսքով՝ «Պրոբացիայի մասին» օրենքում և Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող երկու նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է սահմանել 2028 թվականի հուլիսի 1-ը։ Փաթեթի մյուս նախագծերում հիմնականում կատարվել են խմբագրական և տեխնիկական բնույթի փոփոխություններ։

