ՀՀ ՆԳՆ․ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 35 ահազանգ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է իր ծառայությունների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը ՏԻՄ ընտրությունների շրջանակում՝ ժամը 20:00-ի դրությամբ։
« Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են », -ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախաքննական մարմնին են փոխանցվել քվեարկության գաղտնիության ենթադրյալ խախտման 1, ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու 1, ինչպես նաև՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝3 դեպքով կազմված նյութերը։
Քվեարկության օրը ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 277 անձ, ևս 100 դիմում մերժվել է։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 172 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 22 զանգեր։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 14 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 230 քաղաքացու։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում անցկացվել են հոկտեմբերի 25-ին՝ հանրապետության տասը մարզերի 21 համայնքներում։ 517 ընտրական տեղամասերը գործել են 08:00-ից 20:00-ն։ 19 համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական համակարգով, ևս երկուսում՝ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական։

