ԿԸՀ-ն՝ Հայաստանի 21 համայնքներում ընտրությունների մասին․ բացվել են բոլոր 517 ընտրատեղամասերը

25.10.2026, 10:43
Բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ԿԸՀ-ն՝ Հայաստանի 21 համայնքներում ընտրությունների մասին․ բացվել են բոլոր 517 ընտրատեղամասերը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կիրակի ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ՀՀ տասը մարզերի 21 համայնքներում։ Բոլոր 517 ընտրական տեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հանձնաժողովի տվյալներով՝ տեղամասերում ընտրողների գրանցման համար կօգտագործվի 972 տեխնիկական սարքավորում։

19 համայնքներում ընտրությունն անցկացվում է համամասնական համակարգով, ևս երկուսում՝ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնականով։

Ինչ է հայտնել ԿԸՀ նախագահը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է քվեարկության նախօրեին տարածքային ընտրական հանձնաժողովներ ստացված դիմումների վերաբերյալ տվյալները։

Նրա խոսքով՝ ընտրությունների նշանակման պահից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 19:00-ն տարածքային հանձնաժողովներ է ստացվել ընդհանուր առմամբ 6 դիմում և նամակ, այդ թվում՝ տեղեկատվության ստացման 1 հարցում։

Դիմումները գրանցվել են 16 տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36 հանձնաժողովներում։

Ինչպես հայտնել է Հովակիմյանը, բոլոր դիմումներով օպերատիվորեն ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, ինչի մասին ծանուցվել են դիմումատուները։ Դիմումներից մեկով կայացվել է որոշում, որը չի բողոքարկվել վարչական կամ դատական կարգով։

ԿԸՀ նախագահը նաև նշել է, որ անմիջապես հոկտեմբերի 24-ին 16 տարածքային ընտրական հանձնաժողովներից և ոչ մեկում դիմումներ կամ նամակներ չեն ստացվել։

Ընտրությունների մասնակիցները

ԿԸՀ տվյալների համաձայն՝ համամասնական համակարգով ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք ներկայացրել են առաջադրման 46 դիմում։ 1 կուսակցության գրանցումը չեղարկվել է ինքնաբացարկի դիմումի հիման վրա։

5 համայնքում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, առաջադրվել է մեկ կուսակցություն, 6 համայնքում՝ երկուական քաղաքական ուժ, չորսում՝ երեքական և ևս չորսում՝ չորսական։

Նախկինում  ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 1637 թեկնածու, այդ թվում՝ 553 կին։ Յոթ թեկնածուի գրանցում մերժվել է, ինչպես նաև ստացվել է ինքնաբացարկի 23 դիմում։

Մեծամասնական համակարգով առաջադրվել է համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամության 15 թեկնածու։

Քվեարկությունը կտևի մինչև  ժամը 20:00-ը։