ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ․ ՀՀ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ժամը 16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների շրջանակում իր ծառայությունների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն։
« Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ, որոնք ստուգման փուլում են », -ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 138 անձ, 42 դիմում մերժվել է։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 95 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 10 զանգեր։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 34 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 230 քաղաքացու։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

