ՀՀ–ում չեղարկվում են անձնագրերի և ID քարտերի ուշ ժամկետների հերթագրումները․ ինչ պետք է անեն քաղաքացիները

21.10.2026, 16:22
Չեղարկվում են անձնագրերի և նույնականացման քարտերի ուշ ժամկետների հերթագրումները
ՀՀ–ում չեղարկվում են անձնագրերի և ID քարտերի ուշ ժամկետների հերթագրումները․ ինչ պետք է անեն քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ չեղարկվում են անձնագրերի և նույնականացման քարտերի ուշ ժամկետների հերթագրումները։

Չեղարկման մասին ծանուցում ստացած քաղաքացիներին առաջարկվում է նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Եթե ստացել եք չեղարկման վերաբերյալ ծանուցում, ապա առաջարկում ենք սպասել և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար», – նշվում է ծառայության հաղորդագրությունում։

Ծառայությունից միաժամանակ տեղեկացնում են, որ հին նմուշի անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալ ցանկացող քաղաքացիները կարող են մինչև առաջիկա շաբաթվա ավարտը դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության իրենց հարմար ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով։

Նոր կենսաչափական համակարգի ներդրման մասին

2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է նոր կենսաչափական համակարգի գործարկումը։ Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը լինելու է 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։

Նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ արդեն տրամադրված վավեր անձնագրերն ու նույնականացման քարտերը նոյեմբերի 1-ից ինքնաբերաբար անվավեր են դառնալու։ Դրանք պահպանում են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը, և անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։ Նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու դեպքում միայն հին փաստաթուղթը ճանաչվում է անվավեր։

Նոյեմբերի 1-ից «Հայփաս» ընկերությունը կբացի 14 գրասենյակ, իսկ 2027 թվականի սկզբին դրանց թիվը կհասնի 23-ի։ Երևանում սպասարկման նոր գրասենյակներ կբացվեն «Երևան Մոլում» և «Մեգամոլում»։

Նոր կենսաչափական համակարգի ներդրման նպատակը անձի ինքնության պաշտպանության ամրապնդումն ու փաստաթղթերի կեղծման ռիսկերի նվազեցումն է։ Կենսաչափական համակարգի ներդրումը ԵՄ հետ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի կատարման շրջանակում բարեփոխումների ուղղություններից մեկն է։