Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

21.10.2026, 13:06
Մահացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Մահացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։

Այս մասին տեղեկացնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։ «Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով»,-ասում էր մեծ մտավորականը»,-նշված է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։

Հայ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թվականին՝ Երևանում։

Նա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ էր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, 2014 թվականի հունիսի 2-ից՝ նույն ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է։

1994-1996 և 2001-2008 թվականներին՝ Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին՝ Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ։

2011 թվականին Դավիթ Մուրադյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2006 թվականին՝ «Ոսկե գրիչ» մրցանակի։