Թռչող մեքենան արդեն իրականություն է․ Իլոն Մասկը ներկայացրել է նոր Tesla Roadster-ը (ՎԻԴԵՈ)

16.10.2026, 19:49
Իլոն Մասկը ներկայացրել է նոր թռչող Tesla Roadster-ը․ ՎԻԴԵՈ
Թռչող մեքենան արդեն իրականություն է․ Իլոն Մասկը ներկայացրել է նոր Tesla Roadster-ը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իլոն Մասկը ներկայացրել է նոր թռչող Tesla Roadster-ը, գրում է Euronews-ը:

Մասկը հայտարարել է, որ Roadster-ը հագեցած է «բարձրությունը կառավարելու համար նախատեսված ղեկավարման փողրակներով» և հետևի մասում տեղադրված հիմնական շարժիչներով, այնպես որ այն «գործնականում կարող է թռչել հրթիռի պես»։

Հինգշաբթի երեկոյան Մասկը Tesla-ի երկրպագուներին հնարավորություն է տվել մոտիկից տեսնել էլեկտրամոբիլներ արտադրողի նորագույն և, թերևս, ամենահավակնոտ նախագիծը՝ երկար սպասված Tesla Roadster-ը։

«Մեզ անհրաժեշտ է լսարան՝ ապացուցելու համար, որ սա ԱԲ կամ ԸԱԲ (Ընդհանուր Արհեստական Բանականություն) չէ», — ասել է Մասկը հավաքվածներին ուղիղ եթերով հեռարձակվող միջոցառման ժամանակ։

«Այնպես որ դուք կարող եք բոլորին ասել, որ տեսել եք դա սեփական աչքերով։ Որովհետև այն ամենին, ինչ կտեսնեք, դժվար է հավատալ», – նշել է նա։

Տպավորիչ ցուցադրության ընթացքում Roadster-ը՝ Tesla-ի միակ ձեռքով կառավարվող մեքենան, բարձրացել է բարձր ոլորապտույտ թեքահարթակով, շրջվել է գլխիվայր, այնուհետև թռչել եզրից, օդում շրջադարձ կատարել և ապահով վայրէջք կատարել՝ հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո։

«Դե, ստացվեց», — նշել է Մասկը։

Մասկի հետ ելույթ ունեցող Tesla-ի ավտոմոբիլային ճարտարագիտության գծով փոխնախագահ Լարս Մորավիի խոսքով՝ Roadster-ի թափքի ստորին մակերևույթին տեղադրված է «օդափոխիչային ներծծման համակարգ», որն ունակ է ստեղծելու մինչև 2 g գերբեռնվածություն, «որպեսզի մեքենան կարողանա շրջվել գլխիվայր»։

«Այնուհետև մենք մի փոքր տեխնոլոգիա փոխառեցինք SpaceX-ից՝ մնացած ամեն ինչն անելու համար», — հավելել է նա։

Tesla-ի կայքում նշվում է, որ ընկերությունն արդեն ընդունում է ավտոմեքենայի նախնական պատվերներ․ առաջարկվում է երեք տարբերակ՝ Performance, Thrust և Rocket: Rocket տարբերակը հայտարարված է որպես հասանելի միայն հրավերով։ Առաջին երկու մոդելների համար պահանջվում է համապատասխանաբար 50 հազար և 250 հազար դոլարի դեպոզիտ։

Tesla-ի տվյալներով՝ Roadster-ի ընթացքի պաշարը գերազանցում է 300 մղոնը, իսկ առավելագույն արագությունը (Rocket տարբերակի համար) կազմում է մոտ 230 մղոն/ժամ։