Տագնապի ազդանշան տված Flydubai–ի օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում․ ԶԼՄ

30.09.2026, 11:46
Flydubai ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Դուբայից Թել Ավիվ չվերթը, տագնապի ազդանշան փոխանցելուց հետո վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում
Տագնապի ազդանշան տված Flydubai–ի օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Flydubai ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Դուբայից Թել Ավիվ չվերթը, տագնապի ազդանշան փոխանցելուց հետո վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում, հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ:

Խոսքը Դուբայ — Թել Ավիվ FZ1073 չվերթի մասին է: Երթուղին և չվերթի համարը հաստատվում են թռիչքների հետևման ծառայությունների տվյալներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավից փոխանցվել էր 7500 ծածկագիրը, որն ավիացիայում օգտագործվում է օդանավի կառավարմանը հնարավոր ապօրինի միջամտությունը նշելու համար:

Ինչպես գրում է The Times of Israel-ը, ինքնաթիռը փոխել է երթուղին Սաուդյան Արաբիայի տարածքի վրայով վթարային ազդանշան փոխանցելուց հետո: Միջադեպի հետ կապված՝ Իսրայելը օդ է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է նաև The Australian-ը:

Ինքնաթիռն հետագայում բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում, հայտնում է NDTV-ն: Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռի հնարավոր զավթման վերաբերյալ նախնական մտավախությունները չեն հաստատվել:

Միևնույն ժամանակ The Indian Express-ը, հղում անելով Իսրայելի վարչապետի աշխատակազմի ներկայացուցչին, հայտնում է, որ իսրայելական կողմը տեղի ունեցածը չի համարում ինքնաթիռի զավթում:

Իսրայելական Ynet պարբերականը, որին հղում են անում այլ ԶԼՄ-ներ, հաղորդում էր, որ օդանավում գտնվում էր 174 ուղևոր, այդ թվում՝ 27 երեխա:

Արտակարգ իրավիճակի առաջացման պատճառը պաշտոնապես պարզված չէ: Մի շարք ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել անձնակազմի անդամների միջև հնարավոր վեճի մասին, սակայն այս վարկածի պաշտոնական հաստատումը նյութի հրապարակման պահին չկա:

Flydubai-ը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ։