Ինքնասպանության փո՞րձ․ տագնապի ազդանշան տված Flydubai-ի օդանավում կռիվ է եղել՝ օդաչուների մասնակցությամբ

30.09.2026, 12:31
Դիտարկվում է նաև վարկած, որ օդաչուներից մեկը կարող էր փորձել ինքնասպան լինել՝ կտրուկ իջեցնելով ինքնաթիռը
Ինքնասպանության փո՞րձ․ տագնապի ազդանշան տված Flydubai-ի օդանավում կռիվ է եղել՝ օդաչուների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի FZ1073 չվերթի օդաչուների միջև թռիչքի ժամանակ ֆիզիկական բախում է տեղի ունեցել, ինչից հետո օդանավից արտակարգ ազդանշաններ են փոխանցվել։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն իսրայելցի պաշտոնյան։

Associated Press-ն, իր հերթին, հղում անելով միջադեպի մասին տեղեկացված տարածաշրջանային պաշտոնյայի, հայտնում է, որ օդաչուների խցիկում կռիվ է սկսվել, որին, ըստ ամենայնի, ներգրավված են եղել օդաչուները։ Թե ինչն է դարձել բախման պատճառ, առայժմ պարզ չէ։

Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դիտարկվում է նաև վարկած, որ օդաչուներից մեկը կարող էր փորձել ինքնասպան լինել՝ կտրուկ իջեցնելով ինքնաթիռը, իսկ երկրորդ օդաչուն փորձել է խանգարել նրան, ինչի հետևանքով օդաչուների խցիկում պայքար է սկսվել։ Այս վարկածը պաշտոնապես հաստատված չէ։

Որոշ ԶԼՄ–ների հաղորդմամբ, օդաչուներից մեկն ազգությամբ ռուս է, մյուսն՝ ուկրաինացի։

Flightradar24-ի տվյալներով՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Boeing 737-ը Հորդանանի օդային տարածքում նախ փոխանցել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան, իսկ մի քանի րոպե անց՝ հնարավոր ապօրինի միջամտության մասին ազդանշան։ Այնուհետև կրկին փոխանցվել է ընդհանուր արտակարգ ազդանշան, և ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուկի օդանավակայանում։ Reuters-ը նշում է, որ դեռ պարզ չէ՝ օդաչուներից որևէ մեկը միտումնավոր է ակտիվացրել ազդանշանները, թե ոչ։

Հնարավոր առևանգման մտավախության պատճառով Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հետագայում հայտարարել է, որ միջադեպը չի դիտարկվում որպես օդանավի առևանգում, իսկ իրավիճակը վերահսկողության տակ է։

Flydubai-ն հաստատել է, որ FZ1073 չվերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել և ինքնաթիռը շեղվել է Թաբուկ, որտեղ անվտանգ վայրէջք է կատարել։

Ավիաընկերության տվյալներով՝ բոլոր ուղևորներն անվտանգ են։ Ընկերությունն օդաչուների միջև բախման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել և նշել է, որ համագործակցում է համապատասխան մարմինների հետ։