Վերցրել է հեռախոսներն ու վարկեր ձևակերպել. 26-ամյա անձը շուրջ 15 անձից խաբեությամբ 15 մլն դրամ է կորզել

29.09.2026, 16:23
26-ամյա  երիտասարդը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր
Վերցրել է հեռախոսներն ու վարկեր ձևակերպել.  26-ամյա անձը շուրջ 15 անձից խաբեությամբ 15 մլն դրամ է կորզել

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ, սեպտեմբերի սկզբին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երիտասարդը չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 մլն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։

Ոստիկանությունը պարզել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։